top of page

Զրույց առաջնեկիս` վարդիս հետ

Աղջիկս...

մեկ ուրիշ օր գուցե

լավ չեմ քնել

ու բացի այդ

կներես -

սիրուն ոչինչ չկար

այդ օրվա մեջ

հիշողությունս զտել է կյանքն իմ

ամբողջովին

թողնելով միայն

անարատ ցավ

ես պառկած էի պարարտ

պայտվող ձիու նման

սառը սեղանին

մետաղական

քիչ անց անճաշակ ճիչ

ու դու նայում էիր ինձ

արնոտ ձեռնոցների միջից

մի անծանոթի

ինչպես սխալմամբ հանած առողջ ատամ

ու

ակամա թաքցրի շուրթերս

ափերիս տակ

հստակ հիշում եմ դեռ

նրա ձեռքերն անփույթ

որ մարմնիցս պոկեցին

քո բաժին մարմինը աչքաչափով

և

փայլուն մկրատը սուր

բժշկի

որով հատեց լարը քո դրախտի

չհարցնելով ոչ ինձ

ոչ քեզ

ապա փչեց դեմքիդ

հանց առօրյա աստված

լվաց ձեռքերը իր

ու գնաց տուն

այնուհետ

քայքայող լույս էր

կաֆկայական

շրխկոցով փակվող դռներ

չխչխկոց սուրսայր գործիքների

թմրադեղ

որ մաշկիս տակ

փողոց առ փողոց

գծում էր քարտեզը

նոր աշխարհիս

իմ կողքին ո՞վ էր

որ համբուրեց ճակատս

հայրդ չէր... հայրդ արդեն գնացել էր

նրան վաղո՜ւց սպասում էին սրճարանում

հ.գ.

մնացածը գիտես արդեն… չկրկնեմ

լավ չեմ քնել… զգուշացրի քեզ

անցյալ գիշեր

bottom of page