top of page

Երազներ հանճարների հետ


Նա հայտնվեց թա՜րմ... փոխած

անկողնուս մոտ

երբ դեռ հազի՜վ էի կպցրել աչքս

ու

նստեց ոտքերիս տակ

(դրսում սառնամանիք)

հնազանդ ու գունատ

ինչպես Քրիստոս

անկեղծ ասած զարմացա խիստ

նախևառաջ

նա՛

որ արժանի էր հավերժության

անվերջական

ի՞նչ գործ ուներ իմ կարճ

երազի մեջ

բայց ձևացա խաղաղ

ու

սողացի պառկած

արմունկներիս հենված

զգուշորեն ու ճշգրիտ`

ինչպես զինվոր -

գրկելով նրա մեջքը

ետևից

երկու ոտքով

հենց այդպես էլ

մահճակալով սահեցինք

դուրս

պատուհանի ճեղքից

որ բացվել էր քամուց

պատահաբար

ես`

նրան ապահով սեղմած

կրծքերիս մեջ

ինչպես սահնակով ցած

իջնող մայրը

զավակի հետ

մոռացա ասել -

նա մի խատուտիկ էր

նվիրել ինձ

որ մերկացավ լրիվ

հընթացս

ճանապարհին


bottom of page