Ես գրեցի գիրն այս
քառասուն օր
ու
քառասուն գիշեր
ծոմ պահելուց հետո
ու չէի գրի առհասարակ
եթե կարիքը չունենայի
ձեր
օգնության
կույս չեմ… վաղուց
բայց չեմ ամաչում ասել ես այդ
(մեկ չէ՞ ձեզ համար
զարմանում եմ)
ես
պահպանել եմ
զվարթությունը մաշկիս
նույն տքնանքով
ինչպես կոնքերն են
պահպանում
կույսերը
հավատքս ի՞նչ…
տեղում կատարված
քայլ է եղել կյանքս
մինչև այսօր
ու
հեռու չեմ Աստծուց
հիմա
ես
ավելի
քան արարման պահին
կամ նախկինում
կարո՞ղ եք կուրորեն հավատալ-
հարցն այդ է
ու ժամանակ չկա մտածելու
ո՛ւժ...
կարո՞ղ եք տալ
որ ծնեմ արգանդիս մեջ
վաղո՜ւց հասունացած
երկվորյակ Աստվածներին
վստահել… կարո՞ղ եք
առանց քմծիծաղի կոպերի տակ
թույլ կտա՞ք ձեզ ցույց տալ
հրաշքը իմ վերջին
ուզո՞ւմ եք տեսնել
թե ոնց է անսպասելի
թեթևանում երկիրն այս
ու
ոնց եմ կրում ես այն
ցուցամատիս վրա
պտտելով
ինչպես աննյութ մի գունդ
իմ իմացած ճամփով՝
դեպի… այնտեղ
թույլ կտա՞ք
հարցնում եմ
կարո՞ղ եք հավատալ կույրի նման
… կարո՞ղ եք