top of page

Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» Գիրքը՝ Թուրքերէն

Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» գիրքը առաջինն է մինչ այս հրատարակուած վեց գրքերից, որն ունի որոշակի ուղղուածութիւն եւ քաղաքացիական կեցուածք: Գիրքը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն նահատակներին: Թարգմանուած 11 լեզուների շարքում, Մայիսին տպագրուեց գրքի թուրքերէն տարբերակը՝ նախաձեռնութեամբ թուրք մտաւորական, Մարդու իրաւունքների պաշտպան, Նոբելեան խաղաղութեան մրցանակի 2012թուի թեկնածու Ռագըփ Զարաքոլուի: Նա «Բելգէ» հրատարակչութեան հիմնադիր տնօրէնն է, հեղինակ շատ հրատարակութիւնների, որոնց թեման Թուրքիայի փոքրամասութիւնների խնդիրներն են: Եւ մէկ անգամ չէ, որ Հայոց Ցեղասպանութեան մասին նրա հրատարակած գրքերը դատարանում յայտնուելու պատճառ են դարձել: Րագըփ Զարաքոլուն «Լիբրետօ Անապատի Համար» գրքի լոյս ընծայման առիթով ակնարկ է տպագրել «Թարաֆ» թուրքալեզու թերթում, որի հայերէն թարգմանութիւնն էլ ներկայացնում ենք ստորեւ:

 

«Լիբրետօ Անապատի Համար»

 

ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ

Թարգմանեց՝ ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ

 

Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» վերնագրով բանաստեղծութիւնների գրքի մասին յիշելիս, մտածում եմ, թէ ողբերգութիւնն ինչպէս է ինքն իրեն կրկնում այս անիծեալ աշխարհագրութիւնում… վերջին որբին ջնջելու անկարողութիւնը դրսեւորած ցեղասպանութիւնը, կարծես 100 տարի անց ամբողջացւում է ջիհադիզմով, եւ փորձ է արւում ջնջել մարդկութեան հազարամեայ մշակութային ժառանգութիւնը՝ նրա բնօրրանում:

Այս պահին, երբ աւերւում է Սիրիան եւ քրդական քաղաքները հետզհետէ Սիրիային են նմանւում, ես Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» վերնագրով բանաստեղծութիւնների գրքի մասին եմ յիշում եւ մտածում, որ իսկապէս ողբերգութիւնը վերստին է կրկնւում այս անիծեալ աշխարհագրութիւնում: Ինքս ինձ ասում եմ՝ պէտք է Դէր Զօր գնամ, գնամ Մարկատէ: Կա՛մ հիմա, կա՛մ էլ՝ երբեք: Սակայն, նոյն թուի Հոկտեմբերին ինձ կալանում են… Լաւ է, որ չեմ հրաժարւում: Իրականում Դէր Զօր գնալու մասին էին մտածում նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան իմ զինակիցները: Բայց նրանց ծրագիրը յետաձգւում է, որից յետոյ ես մենակ եմ նստում Հալէպ թռչող ինքնաթիռ, օթեւանում եմ «Բարոն» հիւրանոցի մօտակայքում: Հալէպում դեռեւս անդորր է, եւ ոչ ոքի մտքով անգամ չի անցնում վատ բաների մասին մտածել: Ապա յայտնւում եմ Դէր Զօրում…

Անապատային փոթորիկ է… Կարծես ոչ թէ անձրեւ, այլ ցեխ է տեղում երկնքից… Յիշում եմ Հրանդ Դինքին: Հրանդը նոյնպէս Երկրից հեռանալու փոխարէն, երազում էր ոտքով անցնել այս ճանապարհը եւ հասնել իր ժողովրդի վերջին հանգրուանին: Իբրեւ Մեծ Եղեռնի վերջին նահատակ, որոշ իմաստով իրականացել է նրա երազանքը: Մարկատէում առայսօր մարդկային ոսկորներ են դուրս գալիս անապատից, եթէ «մի քիչ փորփրում ես աւազը…»: Մերձակայ արաբական մի գիւղում, մի բեդէուի իր պապիկի մասին է պատմում, հպարտանում է նրանով, որ հայ է… Փոքր ժամանակ իր քրոջ հետ Խաբուր գետում խեղդուելուց էր փրկուել այդ տղան… 40 տարի իրարից բաժանուած էին մնացել, միմեանց գտել են աղջկայ ձեռքի դաջուածքի շնորհիւ միայն… Գիրքը թողնում եմ յուշարձան եկեղեցում… Տեսնելով, որ գիրքը տեղ է հասել, հանգստութիւն եմ զգում հոգուս խորքում: Քաղաքը ներկայումս «Իրաք-Շամ Իսլամական պետութիւն» կազմակերպութեան ձեռքում է…

Անապատային փոթորիկը յուշարձան եկեղեցու հետ քշում-տանում է նաեւ այդ գիրքը: Մինչեւ վերջին հայը ջնջելու ցանկութիւնը ձախողած Ցեղասպանութիւնը, կարծես 100 տարի անց ամբողջացւում է ջիհադիզմով եւ փորձ է արւում ջնջել մարդկութեան հազարամեայ մշակութային ժառանգութիւնը՝ նրա բնօրրանում: Ինչպէս Աֆղանստանում ջնջուեց բուդայի հսկայածալ արձանը կամ Մեհմեդ Աքսոյի «Մարդկութեան յուշարձանը» Կարսում…

«Պապս… քահանայ էր», ասում է Սոնա Վանը. «Նա Աստուծոն հաւատում էր առաւօտեան ժամը իննից մինչեւ երեկոյեան ժամը վեցը, իսկ վեցից յետոյ հանգստանում էր… հայրս… ֆիզիկոս էր, նա իննից վեցը հերքում էր Աստուծոն, իսկ վեցից յետոյ գաղտնի հաւատում, հօրաքոյրս բոլոր սիրային նամակներն իր պահում էր մաշուած Աւետարանում, յայտնութիւնների հերթականութեամբ, նա ընթերցում էր Աստծոյ խօսքը եւ նամակները՝ դէմքի միեւնոյն արտայայտութեամբ, եւ երկուսին էլ նա հաւատում էր միայն… կիսով չափ, մայրս, քիչ էր մնացել որ մոռանայի, ժամանակ չունէր հաւատալու կամ չհաւատալու, նա միշտ զբաղուած էր ոչնչից ինչ որ բան արարելով, մայրս միշտ լուռ էր, մեր խոհանոցում փայտէ տաշտակը միշտ նոյն չափով էր լցուած խմորով, մայրս կարծես թէ իր մատներից էր սարքում խմորը, խմորը կարծես մօրս մատների մետամորֆոզն էր փայտեայ տաշտի մէջ. մայրս՝ երդւում եմ, կարող էր քայլել ջրերի վրայ, եթէ յաջողուէր ձեռքերը մի կերպ պոկել խմորից…»:

Ուզում եմ անդրադառնալ մէկ այլ բանաստեղծութեան եւս. «Պտտւում եմ աւազի վրայ, շրջանակներ գծում փեշիս ծայրով… շրջանակը չունի ոչ սկիզբ եւ ոչ վախճան, յաւերժութիւն կախուած փէշիս ծայրին, ինձ յաղթելը հեշտ չէ… թէ ոչ անկարելի, ես պատկանում եմ ցեղին պարողների…»: Ուշագրաւ է նաեւ «Դէր Զօր» բանաստեղծութիւնը. «Զգոյշ… զգոյշ քայլիր անապատով, սա սովորական աւազ չէ, սա… աւազէ ճերմակ վիրակապ է, դրուած միլիոն ու կէս երազների վրայ, քեզ հետաքրքրում են նրանց երազների մանրամասնե՞րը… հոգ չէ… դիր ականջդ աւազի վրայ, ու ինչպէս կամերային նուագախումբ, կը հնչի բազմամիլիոն ոսկրէ շուիների երգը…»:

Մէկ այլ երկում նա ասում է. «Ռեքուիէմը լսիր բանակների, գիշերուայ մէջ շարժուող պօէտների…»:

Ապա աւելացնում է. «Ողջոյն քոյրեր իմ անապատի, անապատի հարսներ բարեողջոյն, մի էգ պօէտ շերեփով խառնում է, Դէր Զօրի հնոցը դժոխային, ու յառնում են լուսաւոր ձեր դէմքերը, անթափանց ծխի միջից յաջորդաբար…»:

Ինչպէս իմաստուն մշակութային եւ կրօնական գործիչ Լեւոն Զէքիեանն է եզրակացնում. «1915ի բուն զոհերն իրականում մենք ենք: Նրանք նահատակուեցին եւ անցան սրբերի շարքը: Ցաւօք, 1915ին յաջորդած սերունդը հեռացաւ մեր մշակոյթից ու ցամաքեց»: Այս նոյն միտքն է մէջբերում Սոնա Վանը՝ իր  եղեռնապուրծ քահանայ պապի պատմութիւնից:

Ցեղասպանութեան եւ տեղահանութեան պատճառով աշխարհով մէկ սփռուելու մի աղէտ է հայկական իրողութիւնը՝ պատմութեան անվերջ կրկնութեամբ: Սա ծանր բեռ է, որը կամայ թէ ակամայ անդրադառնում է նոր սերունդներին՝ նրանց համակելով մոռացութեան կամ ապրելու տենչով, հայրենաբաղձութեան ժպիտով կեանքից բռնուելու ցանկութեամբ, մակընթացութիւններով ու տեղատուութիւններով… նաեւ  իրականութիւնը գերիրապաշտութեան վերածելու ու մարդկային տառապանքի ամէն մի մոլեկուլի մէջ ներթափանցելու կրքով:

Սոնա Վանը իր տողերը գոլորշիացած ապակու վրայ է շարում մատների հպումով… ու գաղտնիքներ կիսում ընթերցողի հետ:

 

«Թարաֆ», 29 Մարտի, 2016

 

Ռագըփ Զարաքոլու՝ Մարդու իրաւունքների պաշտպան, Նոբելեան խաղաղութեան մրցանակի 2012 թուի թեկնածու

(www.Asbarez.com|2016/07/05)

bottom of page