top of page

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԲԻՏՈՎԻ / ՍՈՆԱ ՎԱՆ


Մեզանում հանճարեղ ձիրք ունեցող գրողը Պետրոս Մեծից ավելին կաներ:

ԺՈՒԿՈՎՍԿԻ

Մենք՝ երկրացիներս, այստեղ ենք, այսպես ենք մտածում և այսպիսին ենք՝ շնորհիվ մի պատմության: Մի նշանակալից պատմության, որի հերոսներից մեկին հեղինակը որոշեց պահել քարի մեջ, մյուսին խաչեց, բայց հարություն տվեց ու ուղարկեց վերև, որ շարունակի ապրել առավել խիտ. նրանք պիտի լինեին անշոշափելի, բայց իրական, որ սպասենք նրանց, ու շարունակվի պատմությունը: Մինչդեռ սովորական հերոսներին պետք է սպանել. « Ես հերոսներին զերծ էի պահում, փրկում էի մահից, այժմ ինձ համար հասկանալի է նրանց բնաջնջելու մեծն ավանդույթը, քեզանից հետո չի կարելի նրանց կենդանի թողնել… այլասերված այն ազատությամբ, որը հնարավոր է սոսկ էջերի վրա… թող ընթերցողը խղճա, բայց փոխարենը չի սկսի ընդօրինակել»: Այս հավատամքով է կառուցվում «Ապրելու մտադրություն» գիրքը, էջ առ էջ հեղինակի սեփական հակադարձ մղումների՝ փախուստի ու մնալու, հիշողության ու մոռացումի միջև գոյացած կենսական լարման էներգիայով, առանց նոր տարածք գրավելու կամ մինչև իսկ ոգեշընչման նոր աղբյուրի հայտնաբերման հավակնության: Գիր, որը վերջնահաշվում պատասխանում է մեկ հարցի: Ո՞վ է Անդրեյ Բիտովը: Ի՞նչ է մտածում նա: Չկան ծայրահեղ բացասական հերոսներ: Նրանք մարդկային են կամ առավե՛լ մարդկային, փոխարենը կան ծայրահեղ զգացողությունների, պահի մտածողության ու հիշողության միջև խճճված անձինք, որոնց մեջ ընթերցողը անվերջ գտնում ու կորցնում է իրեն… կորցնում ու վերջնականորեն գտնում… դարձյալ: Ճանաչում ու կարեկցում է իր կողքի մարդուն: Միակ «շոկը» անիրական գրական տարածքում հայտնված իրական մարդն է ու իրական ջերմության զգացողությունը: Միակ մղումը՝ ինչպե՞ս պահպանել այն, ինչը հրաշք է եղել բոլոր ժամանակներում: Բայց ցանկացած գիր նախ և առաջ լեզվական ակտ է, լեզուն՝ որպես գործիք և հեղինակը՝ որպես կատարող: Այս առումով բիտովյան լեզուն ճիշտ լարված երաժըշտական գործիքի է նման, որի ձայնը ընթերցողին հասնում է առանց կորուստների, խթանելով և արագացնելով նրա զգայարանները, վերականգնելով հիշողությունը, անգամ վերաշնչավորելով կորած ու մոռացված որոշ հույզեր: Հեղինակի ուժը նախ և առաջ պատմելու կարողության մեջ է, ինտոնացիայի և հոգեբանական իրավիճակների փոփոխության այնպիսի հզոր ընթացքում, որի ալիքի հորձանուտում ընթերցողը գիտակցում է սեփական զգայության ռիթմի ու սրության համեմատական պակասը, և սեփական ալիքով ակամա սկսում է հակազդել հեղինակին՝ առավել հաստատուն ու կենդանի դարձնելով գրող-ընթերցող կապը, նրան համարյա պարտադրելով սեփական շնչառությունն ու կենսառիթմերը: Փոխճանաչման և փոխվստահության վրա հիմնված այս հարաբերությունը դառնում է գրի հիմնական նյութը:

Թեմա, որպես այդպիսին, գոյություն չունի: Անկախ պատումների բազմազանությունից, բիտովյան թեման ներքին շփոթն է` ինքն իր մեջ տրոհվող, քանդվող ու վերականգնվող մարդկային հոգեվիճակը, ենթադրությունը, ներքին երկվությունը, բնազդը, տարակուսանքը, անկանխատեսելիությունը, ինքնաբացահայտման կարիքն ու դրա համարյա անհնարինությունը:

«Ես այն չեմ, ինչ թվում եմ, ինչ կամ», – ասում էր Յագոն, -«Ես ոչինչ եմ… իսկ դո՞ւ… Դու ի՞նչ ես, իսկ դո՞ւ ով ես»: Այսպես անվերջ տարակուսում է նաև բիտովյան հերոսը («Ո՞վ եմ ես: Ո՞վ է Ասյան: Ես ի՞նչ գործ ունեմ էստեղ»:), որը «մտքերի ընթացքով այնքան է հեռացել բնօրինակից, որ արդեն չեն երևում ո՛չ նպատակը, ո՛չ մեկնակետը, այլ սոսկ՝ հավերժական մեջտեղը»:

Ինչպե՞ս «մեջտեղը», այլ ոչ, ասենք, «կենտրոնը», Անահի՛տ, բայց ո՛չ, ապրե՛ս, որ «մեջտեղը» ընտրեցիր, թե՞… չէ՛, ապրե՛ս, չէ՛……

Զգացողությունների անիրականությունից ու սեփական անձը ճանաչելու անկարելիությունից հոգնած-հալածված հերոսը, անիմաստ լացից ուժասպառ երեխայի պես տըրվում է հոգեբանական կապրիզի, քայլելով լուծմանը հակառակ, հանգելով բոլորովին չսպասված եզրակացության, կամ պարզապես տրվելով նոր սխալի, քանի որ դեռ տեղյակ չէ իր ցանկություններին, մղումներին, մտադրություններին, չգիտի անգամ՝ ուզո՞ւմ է ինչ-որ բան, թե՞ ոչ: «Այսօր նա ամեն բան հասկանում էր ուրիշների օգնությամբ,- գրում է Բիտովը իր հերոսի մասին, – թե՛ ժամը, թե՛ տեղը, թե՛ սեփական ցանկությունները ինքն այլևս չէր կարող կռահել»: Իսկ հազվագյուտ պարագաներում, երբ հանկարծ վստահորեն հասկանում է, թե ինչ է ցանկանում՝ նողկանք է զգում ինքն իր հանդեպ: Կերպարի անճարակությունն ու լեզվական խեղճությունը երբեմն նրան ակամա տանում են մետաֆիզիկ հարթություն, որտեղ դրաման ոչ թե բացատրվում է, այլ արտահայտվում բեքեթյան զգացական անսպասելի պոռթկումով: Իսկ ճշմարտությունը հայտնվում է ուշացումով ու ոչ որպես կանխամտածված իրավիճակների կամ գաղափարների բախման հետևանք, այլ ավելի շուտ ինքնաբավ, որպես բանաստեղծակա՛ն ճշմարտություն, որը պտուղն է անիմանալիի հերձման և ենթարկվում է միայն տվյալ բանաստեղծության տարածությանը, ժամանակին ու տրամաբանությանը: Զգայական օպտիկայի պղտորության պատճառով կկոցված սիրտը և հուզումի կարճատեսությունից բխող զգայական շարժման տարերայնությունը բիտովյան հերոսին դարձնում են անկանխատեսելի, դեռևս զարգացման ընթացքի մեջ գտնվող ու անավարտ և հենց այդ պատճառով էլ խոցելիորեն մարդկային: Հեղինակը չի փորձում արդարացնել նրանց քմայքներն ու արարքները, մինչդեռ հերոսն իր ցրվածությամբ, անկանխատեսելիությամբ ու վտանգվածությամբ ակամա առավել զգոնացնում ու ֆոկուսի է բերում ընթերցողի մայրական աչքը և իր շուրջ ակամա լարում ստեղծելով՝ հնարավորություն է տալիս ճանաչել իրեն: Հեղինակը կոնկրետ նպատակ չի հետապնդում. ո՛չ սյուժետային, ո՛չ էլ բարոյախոսական: Նրա խնդիրը անցյալը ճշգրտելն ու արձանագրելն է: Ո՛չ անցյա՜լ անցյալը: Քիչ առաջ եղածը, այն, որ պատահել է երկու ժամ առաջ… կամ երեկ, այն, որը 10 տարի հետո դառնալու է 10 տարվա պատմություն, 100 տարի հետո` հարյուրամյակի:

Բիտովը գրում է թատրոնի՛ սկզբունքով: Ոչ մի պահ չձանձրացնելով հանդիսատեսին, խոսքի ժուժկալությունը փոխհատուցելով չասվածի ճարտարությամբ, լռությունը լցնելով շնչառությամբ ու սեփական արյան ձայնով: Հեղինակը, ով լոկ տառապում է մարդու մեջ զգայարան շարժելու համար, օգտվում է ձեռքի տակ ընկնող բոլոր միջոցներից. ներքին մարդկային վիճակի և ֆիզիկական մարմնի սինխրոն այլափոխությունների տեսանելի պանտոմիմ, պիկասոյական կնոջ զգայական վերհուշ` գույնի, հոտի միջոցով բյուրեղացող հիշողություն, գոյության ցավը հարվածամեղմող (ամորտիզացնող) հումոր, ընթացքում քամահրելով ժամանակը և այն հակադարձելով իր համար միակ իրական ժամանակով՝ հոգու ժամանակով. հիմա և այստեղ: Առօրյայի բթացնող նյութի մեջ, ուր «ամեն ինչ կրկնվում է… դրոշմանիշի պես կետ առ կետ, միայն ավելի աղոտված», հերոսին «չգիտես ինչու սարսափելի չի թվում երկարաձիգ, անմարդկային ճիչը, արտասովոր կերպով հեռավոր ու մոտիկ միաժամանակ. … բայց սթափվում է հրուշակեղենի հոտից, որն էլ նրան վերադարձնում է իրականություն»: Անմարդկայինը այլևս սարսափելի չէ, ու հենց սա է սարսափելին, որից ելք է փնտրում հեղինակը:

Ամեն բան հանուն եսազերծման, հանուն օտարումի, հանուն զգացումի առավել շոշափելի ու իրական դարձնելու, հանուն ապրելու կենսանյութի՝ հուզումի – գուցե ոչ այնքան ընթերցողի, այլ նախ և առաջ ի՛ր համար զգացումի բթացման, դեգրադացիայի և մահվան ետադարձ զարգացման մեխանիզմը ճշտելու, ու ո՜վ գիտե, դրա դեմ մի ճար գտնելու գաղտնի մտադրությամբ: Իրական ապրումի կորուստը Բիտովի հիմնական ցավն է, մարդկության համընդհանուր ցավը, մայր չարիքը, որից ծնունդ են առնում մնացյալ բոլոր չարիքները: «Մանուկ ժամանակ, երբ զգացմունքներն էին իրական, – ցավով խորհում է նրա հերոսը, – անիրականը մարդիկ էին… նրանք կերպարներ էին: Երբ փորձը իրական դարձրեց մարդկանց… անիրական դարձան մեր զգացմունքները: Այժմ զգացմունքն է կերպար դարձել՝ զգացմունքի կերպար…»: Իսկ ի՞նչ անել: Ինչպե՞ս վերադարձնել ճշմարիտ զգացումը, ինքնակա հուզումը: Կարելի՞ է ետադարձել մարդկային փորձը, չարիքների չարիքը, ինչպե՞ս երևակել «նախկին իրական զգացումների սևանկարը»: Այս հարցի ճնշումից է իրականում, որ պոռթկում է հերոսը. «Որքա՜ն տառապալից է փորձը: Ո՛չ ձեռքբերումը, ո՛չ ծնունդը, չէ՛, փորձն ինքը, դրա գոյությունը», և որքա՜ն մեղք է մարդը, որ դատապարտված է ապրել «ամոթալի ու անճոռնի բաների արանքում…, իսկ այն, ինչը իրոք մարդկային է, հայտնվում է անհեթեթության դեպքում լոկ»: Նա նրբորեն խուսափում է կեղծ բարեպաշտի կերպարից, որն այսօր բարոյական կամուֆլյաժի մեջ է իրականության հետ: Այսօր բոլո՛րն են փարիսեցի, ուրեմն արժեզրկված է բառը, երևույթը…, ուրեմն անհեթեթ է այդ մասին խոսելը (ինչպես «Սոդոմում» է ասված (Վահան Վարդանյան)՝ «Ես մեղք չեմ տեսնում, քանզի բոլորն են արդեն մեղավոր»):

Բայց անասելի ցավոտ է մտքի աշխատանքի գիտակցվածությունը, և հերոսը մանկան պես զվարթանում է, երբ պատահաբար ինքն իրեն բռնացնում է հիմար լինելու մեջ, քանի որ փոխարենը հենց ա՛յդ պահին է հաղթանակած և առավել երջանիկ զգում՝ մինչև իսկ առավել բարձրահասակ, և մտածում է. «Մի՞թե հաղթողն անպայման պիտի հիմար լինի»: Իրական հույզի պահին հերոսը տառապում է անմտքային լինելու, «անջատված զգալու» չբավարարվող պահանջից, բնական անհոգության երևի թե միակ երկրային դրախտի կարոտից, որի ժամանակ «մարդն անիմաստ թափ է տալիս ձեռքը, փակում աչքերն ու՝ պոկվեցի՜նք, – անիմաստ կրկնելով՝ հետո՞ ինչ, թող որ, թող որ… Ահա այս արքայական զգացումը հոսանքի պես հաղորդվում է մեկից մյուսին, համակում բոլորին… այն, որ ուժեղանում է փոխանակությունից»: Հերոսը ցնծում է, երբ իր ցանկությունը անսպասելիորեն գլուխ է բարձրացնում, և Ասյայի հետ «նրանք ծիծաղում ու շատախոսում էին աշխուժորեն՝ իրար ընդհատելով և ոչինչ չմտապահելով… Նրանք արդեն չէին ամաչում ավտոբուսից՝ ասես անկշռության վիճակում լող տալով բոլորի վերևում»: Դրախտից վտարվածի վերհուշ, ավելի շուտ, դրախտային վիճակի իրական փորձ՝ ծանր, մեծ ու հավանաբար շատ կեղտոտ ավտոբուսի մեջ: Անսպասելի վայրում վրա հասած փրկություն՝ ըստ բիտովյան փըրկության հարաբերականության տեսության:

Մեկ այլ պատմվածքում անհավատի հավակնություն ունեցող Ինֆանտևը, եկեղեցում իր մահացած «կնոջ դագաղի շուրջը հավաքվածների խառներամ բժժանք»-ին անդրադառնալով, հասկանում է, որ ինքը սխալ է եղել, կարծելով, «թե վիշտը մարդիկ կրում են հույժ միասնաբար, միատեսակ, միաձույլ, որ խորունկ վիշտը մեն-մի արտահայտություն ունի», և «դիտելով այս ցանցառ երամը և մինչև իսկ հրեշավոր թվացող անհամբերությունը, իր` անհավատի մեջ նըշմարելով նույնիսկ առավել երկյուղածություն ու անձկագին հուզմունք, քան նկատելի էր հավատացյալների դեմքերին, չիմանալով ուր խցկի ձեռքերը…»:

Տեսաֆիլմի ուժ ունի հերոսի հավատքի մեխանիզմի ներքին շարժումը պատկերող այս կտորը և սրա պես բազումները, որոնց պարգևած հաճույքի համար մեծապես պարտական եմ նաև թարգմանչին: Կեցցե’ս դու, Անահի՛տ, որովհետև ընթերցողը լավ գիտի, որ բիտովյան գիրը նաև ենթատեքստի, տրամադրության, նրբագծի, հոգեբանական տարակուսանքի տարածք է, որի պատճառը հեղինակի կենսառիթմերի ու անկանխատեսելիության պոտենցյալը զուգահեռաբար կրելն ու, ոչ միայն գրի, այլև ամբողջական գրողի վերարտադրությունն է: Եվ ավելին` նաև գրողի գաղտնի մտադրությա’ն: Գրական կլոնի համարժեք արարք, որը ենթադրում է ոչ միայն լեզվի ու լեզվամտածողության իմացություն, այլ նաև գրողի ու նրա լեզվի սահմանափակումների’ գիտակցություն, այն ի՞նչն է, որը երբևէ չէր ասի Անդրեյ Բիտովը… այդ պահին: Այսպիսի հավակնությունը նախ և առաջ իրավունքի՛ խնդիր է:

Սեփական հոգեբանական կլիմայի ու արտաքին իրականության հետ միաժամանակ ու ինտուիտիվ ճիշտ հարաբերության մեջ լինելու շնորհիվ հեղինակը հանգում է աստվածաշնչյան ենթատեքստի, լեզվի ու շնչառության բնականությամբ ստեղծելով իրականությանը գերակայող անիրականություն, որին ընթերցողը արձագանքում է իրական զգացումով: Սա մարդուն կարեկցելու, նրան առօրյա ավտոմատացումից դուրս բերելու, նրան ինչ-որ կերպ իրական զգացումի տարածք ուղղորդելու ակտ է, որպեսզի լիարժեք զգա մարդը՝ կենդանի, ու ևս մեկ անգամ քայլի՝ «չզգալով ինչպես է ձգվում մաշկը թիկունքի վրա, դառնալով թրթռուն փշաքաղվող կնճիռ»:

Ընդհանուր առմամբ, հեղինակը բոլորովին էլ հետաքրքրված չէ դավանաբանական կամ այլ պարադոքսներով և դրանց նուրբ ու ճարպիկ հանգուցալուծումներով: Նա օտարումի ճանապարհով խնամքով ցավազրկում է իր հերոսին և տեղավորում գրական հերձասեղանի վրա: Գրողի հիմնական կիրքը ներքին հոգեբանական յուրօրինակ զարգացումն է, հոգու իներցիան, հերոսի թաքնված մոտիվը՝ զգացողությունների ներքին, գաղտնի կյանքը: Այս առումով դիպվածը զուտ միջոց է, միջավայր, պայման կերպարի տրոհման, բախման ու քայքայման համար, սարք, որը կոչված է գրանցելու զգացումի կերպափոխումը, դրա այլասերումն ու մահը: Հերոսից ընդամենը հուշարարի հեռավորության վրա է կանգնած հեղինակը՝ ապրելու ներկա փորձության մեջ – ճշմարիտ զգացումի տարածքում: Եվ հենց այս ներքին զբաղվածությունն է բիտովյան բուն թեման, նրա կիրքը, մինչև իսկ նրա ոճը: Նրա հերոսը գիտակցաբար խուսափում է բառային շռայլությունից, իմանալով, որ խոսքը, ձևակերպումը կարող է կաղապարել միտքը առկա բառերի չափելի սահմաններում՝ այն զրկելով բազմակի այլ կապակցություններից, հնարավոր այլ զարգացումներից: Նրան վախեցնում է «զուտ բութ բանը», զգայական թմրությունը, որովհետև թմրած մարդուն դըժվար է շեղել գոյության ցավից, որը մշտապես առկա է: Համակարգված անկարգության մեխանիզմով, հետևելով սեփական մտքի ավտոմատացմանը, բիտովյան հերոսը հաճախ ոչ թե ընդդիմանում է բանականությանը, այլ փորձում է գտնել մի նոր՝ զուգահեռ տրամաբանություն, որը կօգնի թեթևացնել իր մեղքը, ընթերցողի մեղքը, կօգնի անցնել հաջորդող գիշերվա միջով: Իսկ ո՞ւնի գրականությունը… ընդհանրապես արվեստը… ընդհանրապես որևէ գիտակցված մարդկային ճիգ՝ առավել վեհ առաքելություն: Բիտովյան գրի առանձնահատկություններից է նրա ժամանակի ֆենոմենալ զգացողությունը և որքան էլ որ երբեմն տարվի բնության կամ քաղաքի ու շինարարության թվացյալ անկարևոր մանրամասներով, նա մշտապես հասցնում է ճիշտ ժամանակին հայտնվել հերոսի լեզվի տակ և առաջ քաշել հերթական կարևոր հարցը: Բիտովյան լռությունը ևս ճիշտ ժամանակին է, հավասարապես ներվավորված է և պահանջում է խոսքին հավասար զգայական արձագանք: Կենսափորձի, ինտուիցիայի և երևակայության լարումով հեղինակին միշտ էլ հաջողվում է շրջանցել արվեստի տարրը և ուղիղ գծով հայտնվել ընթերցողի մտքի, խղճի, հիմարության ու վախի տարածքում, նրա հոգու ու կարեկցանքի ներկա ժամանակի մեջ: Ժամանակ, որն ինքնուրույն դերակատար է ու ինքնաբավ՝ ինչպես գույնը աբստրակտ նկարչության մեջ: Այն ի զորու է ճկվել, դանդաղել, արագանալ, անգամ դուրս սահել իր շավղից…, եթե պետք է: Այս առումով Բիտովը բացառիկ կարողություն ունի անցյալ, ներկա ու ապագա ժամանակները խաչաձևելու՝ արվեստը կյանքի հետ խառնելու: Նրա գիրը իր սեփական գիտակցության մասին է, նրա գրական հավատամքը գրական հավատամք չունենալն է, ազատ մտածողության սովորույթը, որին նա նվիրված է կրոնավորի մոլեռանդությամբ: Եվ ապրի նա, որովհետև նա, ով ազատ չէ ինքն իր մեջ, չի կարող ազատագրել ուրիշներին: Նրա հերոսը հենց իր ազատությունների քանակով ու ձևերով է գրգռում ու անհանգստացնում ընթերցողին, կասեցնում կամ իր ետևից տանում նրան: Զգայական կեղծիքները բացակայում են, և մինչև իսկ անհեթեթ թվացող զգացողության համար հեղինակը ընթերցողի ոտքերի տակ բավարար իրական հող է թողնում, նրան բոլոր ժամանակներում թույլ տալով մուտք գործել իր մըտքի ու հոգու աշխատանքային տարածք, ճանաչել գրական ընթացքի մեխանիզմը՝ դառնալով նրա զգացողությունների ծավալումի և անակնկալ ընդհատումների վկան: Իսկ ունկեր խլացնելու չափ անճաշակ արտաքին դղրդոցը, հուզական խզման պատճառով անորոշությունից վերադարձող սեփական արյան և ներքին վազքի «նուրբ ձայների» արձագանքն է՝ ամայությանը բախվելուց հետո: Սա գիր է, որը հիմնականում ընթերցողին վստահելու ակտ է, նշանակալից գրականություն, «լուրջ Բան, որին հանդիպելով», ինչպես հեղինակն ինքն է գրում,- «շատ-շատերն իրենց միջից լույս աշխարհ են հանում… մարդուն:

Մեզանից յուրաքանչյուրն ունի անխուսափելի ու միայնակ իր ճանապարհը:

1 մարդ + 1 մարդ = երկու 1 մարդ»:

Սա դասագիրք է այս հավասարումը ձևափոխելու, մեկ ուրիշի մենության տարածքը կիսելու, զգայական ու հոգևոր տեսակը պահպանելու, բնական ընտրության, հույզի վերադարձի ու ողջ մնալու մասին: Այսինքն՝ «Ապրելու մտադրություն»:


- Ավելին՝ http://www.grakantert.am/%D6%83%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/#sthash.06hyOPim.dpuf


bottom of page