Գրքի առաջաբան
… Սին եմ, և իմ միջով, ինչպես ընդմեջ օդի,
Անցնում է ամենն, ինչ շարժմանն է մասնակցում,-
Այդերուկի երամ, թե նախիր բիզոնի,
Երկնի լար, ժամանակ…
ԻՆՆԱ ԼԻՍՆՅԱՆՍԿԱՅԱ
Եվ հատկապես ժամանակը, որպես անկարեկիցը բոլոր շարժվողներից, որպես անխափան շարժիչը մահվան մեխանիկական սատանայի: Էլեկտրական հոսանքի անտես ճշգրտությամբ այն անցնում է բաց հաղորդալարի պես երկրի ու երկնքի միջև ձգվող գրողի ներվաթելով, որից հետո ոչինչ չի մնում անելու, քան շունչ ու մարմին հաղորդել ժամանակի նյութին ու նրա հետ խաղալ մահապարտի քամահրանքով, կեցվածքով ու հավասարը հավասարի իրավունքով՝ երբևէ չանդրադառնալով այդ խաղի մեջ պարտվել-հաղթելու անցյալի հուսահատեցնող վիճակագրությանը, հավատալով և հավատացնելով ընթերցողին, որ «
Ի զորու ենք արարչանքը շարժել թաքուն, / Երբ ժամը հնչի կանխագուշակ…», երբ «Մի քիչ բեկվեն մեր հոգիները երկնքում / Եվ մեր ձեռքերը՝ հողի տակ»:
Որքան էլ որ բառերի միջոցով մտածելու ակտ է պոեզիան, իրականում սրանք ինքնաբուխ, իրենք իրենցից սնվող, հիմնականում ծալված ծնկներից սկսվող ամենօրյա Տեր-ողորմյաներ են, որոնք, սակայն, ոչ թե աղերսում, այլ պահանջում են այդ փրկությունը՝ երկինք-երկիր թաղանթին հարվածելով ոչ թե մահվան, այլ կյանքի ռիթմերով՝ համոզված և համոզելով, որ «Մեր սպանդը վաղուց այնքան է օծված, / Որ չենք մեռնելու այլևս երբեք»:
Այս առումով սա ոչ թե կյանքի կարճ ժամանակի և երկարատև մահվան փաստի պոեզիա է, այլ կյանքի ու մահվան հավասար ու զուգահեռ ընթացքների հոսք, որտեղ աննշան դեղաչափերով հետևողաբար ներարկվող ամենօրյա փոքրիկ մահերը պատվաստանյութի պես ընթերցողին ի զորու են դարձնելու հաղթահարել մահը, երբ կհնչի զանգը չարագուշակ: Ընթերցողը հավատում է դեղատոմսին, և ինչպե՞ս չհավատաս նրան, ով հավասարապես այստեղից է և այնտեղից, ով չափել-չափչփել է ժամանակը երկայնքով ու լայնքով՝ այստեղից այնտեղ և այնտեղից այստեղ նաև, ով հստակ գիտի, որ «Երկրից երկինք ավելին է, / Քան երկնքից մինչև երկիր», որ «Զորու ենք արարչանքը շարժել թաքուն», հակադարձել իսկ, թերևս… ո՞վ գիտե: Եվ դժվար չէ հավատալ, երբ սա ասողը նաև այդ շարժմանն է տեղյակ՝ եղած կարգը հակադարձելու շարժմանը, այն շարժմանը նաև, որով ճկվում-բեկվում է հոգին կամ ծալվում են մեր ձեռքերը հողի տակ:
Մեծ անհատը նաև ողբերգական անհատն է՝ ձյան լույսի ներքո ճնճղուկի սարսռադողի մթնա-մոխրագույնին տեղյակը, անկարելի մթարքին հապճեպ հայացքով նայողը, տիեզերական թախծի գորշ նյութը գունաբաժանողը դատապարտված է ողբերգական լինելու: Սա կասկածից դուրս է: Սակայն նույնքան էլ դուրս է կասկածից, որ այս դեպքում մահկանացու լինելու փաստի ողբերգականությունից չէ, որ բանաստեղծը հայտնաբերում է ժամանակը՝ որպես երկվորյակ՝ իր պատկերի կատարյալ նմանությամբ ու առանց առավելությունների, և ոչ էլ վախից է ծնվում պատեհապաշտորեն արականացած ժամանակին արված նրա կանացիորեն այնքան չքմեղ խոստովանությունը. «Փախչում եմ, որ ցանկանա նա հալածել ինձ», առավել ևս սպառնալից չէ ժամանակի վազելու ձևը իր ետևից. «Ինչպես բառ՝ բառի ետքից / Լռության միջով՝ խելքը թռցրած»: Այսպես սիրահարվածն է վազում սիրեցյալի հետևից. վազք, որում բացառվում է ցավի կամ վնասվելու ենթատեքստը:
Ժամանակի հետ գործակցելու առումով այստեղ բանաստեղծի մեթոդը ոչ միայն մեծ պոետի, այլև մեծ երաժշտի մեթոդն է, որտեղ ֆրազը՝ կիրառված ճիգի և ստացված էֆեկտի ճիշտ հարաբերության միջոցով է հասնում լարվածության կուլմինացիոն սեպին (այլ ոչ կետին), որը ճի՛շտ է, ապրումի և լռության սուր անկյամբ ու ծակոցով է նախ խրվում ընթերցողի խոհի ու հոգու մեջ, բայց այնուհետ գործում է խոփի գիտակցությամբ՝ փխրեցնելով ու ընթացքում նրան աննկատ տեղափոխելով զուգահեռ ժամանակի ստորգետնյա, բայց ոչ պակաս հուսալի ալտերնատիվ հոսանքի մեջ. լինելիության մեկ այլ տարածք:
Միայն նա, ով իր թպրտացող սրտի մեջ կարողանում է զգայաբար առանձնացնել ճնճղուկի սարսռոցը որպես համաշխարհային վշտի մաս, ում սրտի մեջ ամեն վայրկյան «Պայթում է սիրտը մեկ ուրիշի», ում հոգածության շնորհիվ «Շարժվող ոչ ոք չի սայթաքում», ում մազանոթները լուսարձակում են ժամանակի ռիթմով, ով մահվան հետ կապված է «Նորամանկան պորտալարով»՝ իրավունքը ունի երկվորյակի գիտակցությամբ անմիջնորդ նայել ժամանակի աչքերի մեջ և քմահաճ-կեսբերան արձագանքել նրան: Նո՛ւյնն ենք: Նույնը չե՞նք, «Ի՞նչ տարբերություն, ասա, մի տեսնենք»: Շա՛տ մեծ. առանց հուսախաբելուց վախենալու համարձակվում եմ ասել ես՝ ընթերցողս: Ժամանակը մեզ տանում է դեպի մահ, մինչդեռ Դուք մեզ պահում եք կյանքի՛ հոսանքի մեջ: Այստեղ և այնտեղ:
ՍՈՆԱ ՎԱՆ
Սույն առաջաբանը վերցված է Իննա Լիսնյանսկայայի բանաստեղծությունների՝ “ПРИ СВЕТЕ СНЕГА” («ՁՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ») երկլեզու ժողովածուից, որը լույս է ընծայվել «Նարցիս» խմբագրակազմի աջակցությամբ «Էտալոն» հրատարակչությունում: