Առաջինը իմ սիրելիներից,
որ կարող էր ինձ
նաև չսիրել՝
տիկնիկս էր, Սո'նա,
Սոնա անունով...
Շիկահեր էր ու
աչքերը՝ կապույտ,
և, անկեղծ ասած՝
փակված աչքերով
գիտեր ինձ սիրել.
Ես հսկում էի իր քունը՝
ծածուկ
երգ հորինելով,
ինքը ժպտում էր ինձ
երգերիս մեջ…
Առաջինը ինձ
ծանոթ սերերից`
Սոնա յարն էր, որ
Ցնցեց հիմնիվեր.
Կոմիտասի ծո՜վ սերը
Սո'ն-Սոնա՜,
Հետո՝ Միրհավը –
Բակունցի Սոնան
ու Դիլան դայու
սերը թրթռացող…
Բայց դու, որ ունես
շունչն այս բոլորի
քո անվան կապով՝
ուրիշ ես, Սոնա', –
Չարենցի Սոմա
հուր աստվածուհու
խոսքով բոցաշուրթ…
- Բանաստեղծ իմ քույր…
Կուզես՝ ժպտա ինձ
տիկնիկիս նման՝
միայն երգիս մեջ, –
կարող ես անգամ
և ինձ չսիրել…,
բայց իմացիր որ
սիրում եմ գիրըդ
և… սիրում եմ քե'զ…
2.
(Ճեպանկար)
Սա էլ՝ միջանկյալ
մի հրաժեշտի երեկո՝
էսպես…
Առաջին անգամ
ճշգրիտ պահին
հրաժեշտ կտամ,
ու դու կմեկնես վե՜ր՝
սավառնելու,
և օդանավը
թևերիդ առած՝
կճախրես երկինք,
միևնույն պահին՝
քեզ սովոր`
ուրի՜շ մի հետագծով
նորից ետ գալու
լուսումութի հետ…
……………………….
Ամառը կիսվեց։
- Աստված թող օդը
ապահով անի…
Առաջին անգամ
երկինք նայելով
կասեմ քե'զ համար
ճշգրիտ ժամին ՝
աղոթքը սրտիս
ուղեկից արած
քո սավառնումին…
Վարդաշո՜ւրթ տիկին,
որերորդ անգամ
վարդը ծամիդ մեջ՝
կչվես օտար
Հրեշտակների
հեռավոր քաղաք՝
մի ձեռքսեղմումի
հեռավորության
վրա թողնելով
հսկումը՝
Աստծո քո հրեշտակի –
զուգահեռ ամպից…
Օծանելիքի
բո՜ւյր ունի արդեն
շունչը հեռավոր
վարդագույն ամպի,
Չեշիրյան կատվի
թե՝ Վանա կատվի
հայտնվող-փախչող
ժպիտի նման՝
ժպի'տն ունի քո…
Դու՝ նույն պահի մեջ
միաժամանակ
երկինքն նայելու
խորհուրդը գիտես…
… և ես օդի մեջ
հիմա ակամա՝
հոտառում եմ քե՜զ…
2008թ.
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ