top of page

«Սոնա Վանը մեր ժամանակների մեծագույն երևույթներից է»

Փորձեմ գրառել մտորումներս` վերհանելով սոնավանական երկերի գաղափարական ենթատեքստային շերտերը աշխարհաքաղաքական արդի բարդ ժամանակի հոլովույթում՝ ահագնացող հակամարտություններ, պատերազմներ… «Լիբրետո անապատի համար» ժողովածուի հեղինակը սկիզբ-զարգացում-ավարտ դասական կառուցվածքով իր եռապատում գրքի էջերում այդ խնդիրների լուծման հեռանկարն է բացահայտում՝ «բանաստեղծելով», որ այսպես շարունակվել չի կարող: 

Պատմությունը կրկնում է իրեն նույնությամբ

Ժամանակն է Բարաբայի վերընտրության։

Հիշենք գրքի բնաբանը և շարունակենք:


Եվ այսպես, Հայոց Հուրի-Միթանի թագավորությունից հետո Վանա ծովի ավազանում կազմավորված հայկական առաջին կայսրության ժամանակներից էլ վաղ ծփացող Կապուտակ ծովում բնավորված Սիմահավքի, մերօրյա «երգակից-հետնորդներից» մեկի` ՍՈՆԱ ՎԱՆԻ «Լիբրետո անապատի համար» ժողովածուից ընթերցենք «Ես հավերժական սարդն եմ» պոեմի առաջին տողերը իբրև համանվագի ուվերտյուրա-նախերգանք:

Ես հավերժական սարդն եմ 

ութոտանի

ես ձգվում եմ պատուհանի 

ու էկրանի միջև

անվերջորեն

իրական ու վիրտուալ

մահերի միջև ընկած

սնամեջ ժամանակում...


Հակապատկերներով «համերաշխված», սահմռկեցնող նկարագրություններից զերծ, այս եռապատում գրքի հեղինակը գեղագետի իր բարձունքից, լուսաստվերային տոներով` միտք-բառ-պատկեր եռամիասնության հարափոփոխ խոհականությամբ, անցյալ, ներկա, ապագա մեկնակետից և ժամանակային երեք ստորոգելիների մեկտեղմամբ ողջ աշխարհին ենթատեքստային խրատախոսքի ուժով հիշեցնում է ինքնաքննադատ կենսակերպի իմաստաբանությունը: Եվ, իրոք, չէ՞ որ կարելի է ապրել առանց պատերազմի: Մինչդեռ «ամեն բան կրկնվում է նույնությամբ… ուրեմն // սխալ է // ինչ-որ մի բան»: Այո, ինչ-որ մի բան… 

Ժողովածուի առաջին գլխի` պատերազմական թեմայի բովանդակային ասելիքը հանգեցնում է ուժեղ-թույլ անհավասար հարաբերակցության, այսինքն՝ բնությամբ տրված օրինաչափությունը հեզաբար ընդունելու տխուր իրողության գիտակցմանը: Իսկ «ուժեղ-ուժեղ» զույգի մեջ պայքարը ենթադրում է պարզ մի բան՝ թույլերից ավարառվածը բաժան-բաժան անելու և ամենայն ինչ իրար մեջ բաժանելու և արդեն ավելի ուժեղ դիրքերից ավելին նվաճելու մոլուցքը:


Պատերազմական խնդրահարույց մյուս տարբերակը` «թույլը թույլի» դեմ, կարծես չկա էլ, քանի որ դա արդեն ինքնասպանություն է և ոչ թե պատերազմ, ինչին բորենի երկրներն են սպասում` հնարամիտ նենգությամբ բորբոքելով հակամարտությունների օջախներ, որոնցից այսօր ամենացայտունը հայ զինվորի քաջությամբ հաղթական ավարտին հասցված, բայց դեռևս չարչրկվող հայ-ադրբեջանական խնդիրն է: Եվ այս ամենի հանրագումարը ստիպել է մեր հայրենակցին ձեռնոց նետել արհավիրքին ահա այսկերպ.

Պատերազմ

ես կին եմ

ու 

հայտարարում եմ քեզ

որպես անհատական թշնամի

այսօրվանից

բացատրել պե՞տք է…

ես մանուկներ եմ արարում

մինչ դու սպանում ես նրանց

դաժանաբար


Վերջին քառատողը բանաստեղծական հնարք չէ, այլ իրականության արձանագրում, և ո՞վ, եթե ոչ մայրը, կինը և 90-ամյակը թևակոխած Արեգնազ Ապրեսյանի դուստրը կարող էր գրել ժողովածուի երկրորդ գլխի` «Ողջույն, քույրեր իմ» պաթետիկ պոեմը.

ես եմ Դեր Զորի վերջին հարսը

կույսը՝ ընդհատված յաթաղանով 

շատախոս ծնոտներով 

անասելի

ծնկներով խրվածը ավազի մեջ

բայց ես այդպիսին չէի միշտ.

ջրահարս էի ես առաջ 

նախշուն պոչով

ծովից ծով ձգվող Հայաստանում...

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ

Եթե Գարեգին Նժդեհի «Հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը» ասույթի տրամաբանությամբ վերծանելու լինենք Սոնա Վանի բանաստեղծությունների շերտերը, միևնույն է` չենք գտնի ճակատագրապաշտական թանձր դրվագների նկարագրություններ. 

նախ լույսն է

ապա` ձայնը

(բնության օրենքները պահպանվում են,

խղճինը` ոչ)

լույսը

ձայնը

փոշին

կոշիկները


«Բնության օրենքները պահպանվում են, // խղճինը` ոչ»: Այս իմաստաբանությամբ հաստատվում է, որ բնության օրենքներից` մշտառկա հակամարտության մեջ մարդը իր նախաստեղծ բնույթով պահպանում է խիղճը` հարընթաց խեղդելով իր մեջ գազանին, ապա թե ոչ կյանքը կվերածվեր գազանանոցի` առանց վանդակների: Մինչդեռ մարդ արարածն առեղծվածային ծավալի ահեղ ու մարտնչող չարի դիմագիծ է այսօր ձեռք բերել: Մարդկության գազանաբարո այդ զբաղմունքի գեղարվեստական փայլուն մարմնացումն է ամփոփված հետևյալ ութատողում. 

մայրը ճչում է ու ընկնում վար

հողը թանգարան է ստորգետնյա

սա զինվորն է մահից չորս դար հետո

իսկ սա` չորս ժամ հետո ընդամենը

ամեն բան կրկնվում է նույնությամբ… ուրեմն սխալ է

ինչ-որ մի բան

ես հավերժական սգվորն եմ

չորս սև գլխաշորերով:


Գրոտեսկային զորեղ գրչահարվածներով պոետը վարպետորեն խտացնում և գաղտնազերծում է մեր անհանգիստ ժամանակներում ահագնացող հակամարտությունների հետքը և այդ հետքերով արշավող ռազմատենչ զինյալների նկրտումների մահաբեր ժամանակագրությունը:

ԱՇԽԱՐՀԸ ՍՈՆԱ ՎԱՆԻ ՊՈԵՏԻԿԱՅՈՒՄ

Հեղինակը 2015 թ. լույս ընծայած «Լիբրետո անապատի համար» ժողովածուում չունի ցեղասպանների դեմ ատելության գեթ մեկ տող, նա գեղագիտորեն մաքրում-ախտահանում է չարիքի պատճառները: 

Ժողովածուի թարգմանական տարբերակներում օտար ընթերցողը չի գտնի հային վերագրվող «անմեղ գառան» խեղճուկրակ կերպարայնությամբ դրվագներ: Հեղինակը արտացոլում է ջարդերի և տեղահանության ենթարկված հայության հոծ զանգվածների անելանելիությունից ծնված ներքին, հուսահատ հոգեվիճակի խռովքը: 

Երեք պատումներում համազոր ուժի բանաստեղծաշարքերի նույնակերպ տրամադրությունները Սոնա Վանը վերարտադրում է գրքի առաջաբանում՝ պատմական-վավերագրական «Ինքնակենսագրության փոխարեն» էսսեի տեսքով: Այն նորաոճ մեկնությամբ խոստովանական-կենսագրական հուշագրության նմուշի փայլուն ստեղծագործություն է, որի ատաղձը Վան քաղաքի փրկության համար մղված կռիվների մասնակից, Սոնա Վանի քահանա պապի ոդիսականն է, ում օրագրից էլ որդին` Անուշավան Տեր-Հովհաննիսյանը, ընթերցել է դրվագներ դստեր` Սոնա Վանի համար` միաժամանակ խնայելով նրա մանկական հոգին, բաց թողնելով դաժան նկարագրությունները:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ-ՊՈԵՏ ԲԱԽՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԱՆՔՈՒՄ

Հայոց Մեծ Ցավի «դիմանկարը» պոետը «վրձնել է» լատինական ասույթի ոգով` «պոեզիան նույն գեղանկարչությունն է»: Այլաբանական կերպավորումներով պատերազմի և ցեղասպանության թեմաներով գործերը պոետը կերտել է առանց արյունալի տեսարանների նկարագրության: Նրա ստեղծագործական հավատամքը արդի ոճաբանական լեզվամտածողությամբ զուգահեռվում է Արշիլ Գորկի գեղանկարչին, ով օտար երկրում հռչակվեց «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» հիմնադիր, իսկ նրա գլուխգործոցները արժանացան «էպիկական խորհրդապաշտության տիեզերական արտահայտություն» բարձրագույն գնահատականի:


Ցեղասպանության պատկերման գեղարվեստահոգեբանական աշխարհընկալմամբ արվեստի երկու` գեղանկարչության մեջ վերացարկված, իսկ պոեզիայում էլ մոդեռն ուղղություններից առավել ընդունված` վեռլիբր ժանրին հավատարիմ, նրանք Մեծ եղեռնի իրադարձությունները սրբագրել են դարի սկիզբ, դարի վերջ՝ սեփական ժամանակային ապրումների խորքային զգացումներով` քողարկելով բաց վերքերը` ենթատեքստային հորինվածքներում: Ճակատագրի բերումով Վանից սերված գեղանկարիչ Ոստանիկ Ադոյան - Արշիլ Գորկին և պոետ-էսսեիստ Սոնա Տեր-Հովհաննիսյան - Սոնա Վանը, հայ ժողովրդի հանդեպ կատարված եղեռնագործությունների պատճառահետևանքային միջնաժամանակում, գեղագիտական աղերսների ընդհանրությամբ են կերտել իրենց ստեղծագործությունները. նկարիչը` իր ծննդավայրից բերած գունամտածողությամբ, պոետը` Երևանում ձևավորված գրական նվաճումների հունձքով: Երկու արվեստագետները հայրենակենտրոն զգացողություններով լեցուն, երկուստեք հրաշալի գործերով խորապես նպաստում են հայ մարդու հոգում ցեղասպանության զոհի բարդույթի վերացմանը: Թե՛ նկարներում, թե՛ բանաստեղծական երկերում չի թարմացվում 100-ամյա վիշտը, փոխակերպվում է իբրև ոգեկոչ` վասն հայորդիների կամքի աներերության, արժանապատիվ կյանքի և արարման: Այսպիսով, կերպարվեստի և պոեզիայի` օվկիանոսից այն կողմ բնակվող մեծատաղանդ ներկայացուցիչներն իրենց գործերում լեզվապատկերամտածողության լիցքերի հոսքով ներշնչում են հայրենակիցներին` գնահատել ազգային ինքնության Աստվածապարգև խորհուրդը:


ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՅԹ

Արձակ բանաստեղծական ասքագիր-եռապատումը նպատակամիտված է պոեզիայի ամենահաս, հանրամատչելի, զորավոր արտահայտչաձևերով ուղերձ հղելու մարդկությանը` հավատարիմ մնալ Արարչի նախասահմանած բարի կամքի, խաղաղ կեցության, մարդասիրության, արդարության հաստատման սուրբ պատվիրաններին: Ապա թե ոչ, ահագնացող ծավալ ընդգրկող հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների էսկալացիան սպառնում է աշխարհին… ինքնացեղասպանությամբ:

ժամանակը ինչպես մետաղական անձրև

երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս

երկու հազար փայլուն մեխեր… Քրիստոս

(«Ես ձայն եմ լսում» ժողովածու (2006 թ.), «Պա՞հն էր արդյոք» բանաստեղծությունից)

Մինչև ե՞րբ… 

Ահա և այդ հարցի պատասխանի ժամանակն է մոտեցնում Սոնա Վանը` ահազանգելով անտարբերության թմբիրի մեջ հայտնված աշխարհին՝ ընդդեմ ռազմատենչ ուժերի: 

Մինչև ե՞րբ…

ՑԵՂԱՍՊԱՆ ՊԱՊԵՐԻ ԽԱՐԱՆԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐՈՒՆԴԸ

«ՈՒզում եմ կոչ անել Թուրքիային և ողջ աշխարհին` վերադարձրե՛ք Արարատն ու Անին հայերին, վերադարձրե՛ք, որովհետև ձեզ համար դրանք միայն տարածք են, իսկ հայերի համար` հայրենիք»: Այս ուղերձի հեղինակը ներկա Թուրքիայի առաջադեմ մտավորականներից է` «Բելգե» հրատարակչության տնօրեն և խմբագիր, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն: Նա Սոնա Վանի` Դեր Զորի նման զգայուն թեմայի շուրջ բանաստեղծությունները համարել է մինչ այսօր արվեստով ներկայացված մեծ տաղանդի կնիք կրող երկեր: Նա խնդրել է թարգմանիչ Հակոբ Չաքրյանին՝ տրամադրել «Լիբրետո անապատի համար» գրքի թուրքերեն թարգմանական տարբերակը՝ Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունում տպագրելու համար, որն իրականացավ 2016-ի մայիսին, 1500 օրինակով, սակայն, ըստ «Բելգե»-ի հաղորդման, Թուրքիայում հայտնի իրադարձությունների պատճառով «Լիբրետո…»-ի ողջ խմբաքանակը բռնագրավվեց: Բարեբախտաբար, տողերիս հեղինակը թուրքերեն տարբերակի տպագրությունից շաբաթներ անց երեսուն օրինակ ձեռք է բերել տարածաշրջանային հարցերի փորձագետ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի շնորհիվ:


ԱԿԱՄԱ ՎԵՐՋԱԲԱՆ, ՔԱՆԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔԸ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Համառուսաստանյան հեղինակավոր «Պոետ» մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայան, «ունկնդրելով» եռապատումի կուլմինացիոն մասը կազմող դերզորյան թեմայով՝ ոչ ողբացյալ պատկերումների շարքով 100-ամյա «ոսկրածուփ ավազամատուռներից» պոետական եզակի մտահղացմամբ քերթվածքներից հորդող ղողանջները, Սոնա Վանին դասել է Մեծ եղեռնի թեմայով գրական կոթողներ արարողների աստղաբույլում. «Երբ իրականությունը ինքնին գրոտեսկային է, և պատմական հիշողությունն էլ առավել դժոխային պատկերներ է պարունակում, քան երևակայությունն է ի զորու ստեղծելու, գրողի խնդիրը դառնում է մարդկային հիշողությունը փրկելը` դժոխային հոտերը բուրմունքի վերածելու ալքիմիան: Սոնա Վանի օժտված ու կարեկից գրիչը այս խնդիրը լուծում է մեծ նկարչին հատուկ ջրաներկային գույների թեթևությամբ...


Հայերի ցեղասպանության թեմայով Սոնա Վանի գործերը, անկասկած, պետք է համարել մինչ օրս գրված ամենահզորներից:

Սոնա Վանը մեր ժամանակների մեծագույն երևույթներից է»:


Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ

bottom of page