top of page

Քաղցկեղը վերադարձել է նորից

- Քաղցկեղը

վերադարձել է նորից

ասվածի պես

ու արդեն ամենուր է

ու մեծ -  

ասաց ու արտասվեց մայրս

անսպասելի

մինչդեռ ինձ թվաց

Աստծո մասին է խոսքը

և գալստյան

ու

հասցրել էի ուրախանալ անգամ թաքուն


հայրս չկա վաղուց

(քիմիա էր… ցավ… սրտխառնոց

ճառագայթ… գլխացավ… ու մահացավ)

իսկ ես պառկած եմ

այս պահին

այտ-այտի օտար զինվորի հետ

որ պիտի ռմբակոծի Իրաքը գաղտագողի

վաղը հենց այս ժամին

և

հիշում եմ հորս

որ պատասխան ուներ

ամեն հարցի համար

(մայրս ձայնի տո՛նն էր որոշում սոսկ)

Ձմեռ պապն եմ հիշում

մաշված

խցկած պահարանիս վերնամասում

որ ընկնում էր գլխիս միշտ

անսպասելի

երբ բացում էի դուռը… ամեն անգամ


հ.գ. զինվորը կռանում համբուրում է ժպիտս

մանրամասն

որ կապ չունի բոլորովին

պատերազմի

հորս

կամ

Իրաքի հետ


bottom of page