top of page

Վերադարձրու Քրիստոս

մեղքերն իմ նույնությամբ

ես շատ թանկ եմ վճարել

դրանց համար

ու բացի այդ

դրանք ի՛մ մեղքերն են

վերջիվերջո

իմ բաժին արքայության համար

անհեթեթ է խոսելն իսկ

այս վայրկյանին

(չե՞ս տեսնում երկինքը այրվում է ռումբերի տակ)

կնախընտրեմ քայլել ես

մեռյալների հովտով

աննպատակ

կրծելով եղունգներս ու թոթովել

հանգավորված մի բան

ժամանակի քնկոտ ականջի մեջ

քան լսել պասիվ

քարոզը երկար- բարակ

մորուքավոր քահանայի՝

թեկուզ խելոք


այո՛ – ապտակիր ինձ

չեմ նեղանա – եթե այդ է կամքդ

Դու ի՛մ Քրիստոսն ես վերջիվերջո

սիրում եմ Քեզ

սակայն դա չի փոխում

ընտրությունն իմ

մնալ մինչև վերջ

սաղավարտով

ինչպես կրիա

չվստահե՛լ նրանց երբևիցէ

քանզի եթե իրոք

այդքան իմաստուն են

մորուքավոր մարդիկ այդ

վերոհիշյալ

ամպն ինչո՞ւ է խանձվում

ինչպես գառնուկ

ինչո՞ւ չի ավարտվում

պատմությունն այս ...

որ սխալ էր ի սկզբանե

(ու չասես՝ ոչ)


դե ուրեմն ես էլ հիմարի պես

կքայլեմ՝ կրծելով եղունգներս

ու թունավոր հանգեր կկաթեցնեմ

պատերազմի աղմկոտ ականջի մեջ

bottom of page