top of page

Պատերազմ ես կին եմ

Պատերազմ

ես կին եմ

       ու

հայտարարում եմ քեզ

որպես անձնական թշնամի

այսօրվանից


բացատրել պե՞տք է…

ես մանուկներ եմ արարում

մինչ դու սպանում ես նրանց

դաժանաբար


իսկ դու` ժամանա՛կ

վե՛րջ

ես կկռվեմ քեզ հետ

այսուհետ

գեղագետ վիրաբույժիս

սուրսայր դանակները

օդի մեջ

համաչափ ու վարժ

պտտեցնելով


ինչպես սոխ կտրտող

ճապոնացին

խոհանոցում


մանր

այնքա՜ն մանր

մինչև ջուր դառնաս ամբողջովին

ու հոսես վար

                      փայտից

                      սեղանից ու

                      աչքերից իմ

իսկ հետո կխմեմ քեզ

(ա՜խ… ոնց կխմեմ ագահաբար)


ոնց թշնամու արյան

կամ ավելի շուտ

կբաժանեմ այն մոլորակի կանանց 

փոքրիկ

անթափանց սրվակներով

որպես անմահության թուրմ

               

կլորացնում եմ թղթերը սեղանիս

դարձնելով շեփոր հրեշտակի

ու երգելով ինչպես օպերա

երկնքին հղում վերջին կամքս


-հավերժություն 

պետք չես դու ինձ

ես նախընտրում եմ

ապրել հինգ-տասը տարի ևս

մեկ ուրիշ քթով` ավելի նեղ

bottom of page