top of page

Միակ լավ լուրը… Սոչին է

Ուկրաինայում մահացավ

վաթսունվեց մարդ

Սիրիայում՝ երեսունը

ոստիկանը քաշում է

զինվորի դին

Հալեպն այրվում է կրակի մեջ

անարյուն միակ լուրը

Սոչին է

օլիմպիական սառույցը

մարտադաշտի

պարում են զույգերը

հանուն ոսկու

պտտվելով օդի մեջ

երեք անգամ

հաղթեցին

հաղթում են

կհաղթեն

մինչ բոլորն են պարտված

պատերազմում

իմ հերոսը նա է՝ վերջ

կիսամերկ աղջիկը չմուշկներով

և տղան

ով անվրեպ – օդում

որսաց մարմինը նրա

թռիչքի մեջ

և կրեց իր մկանուտ ուսի վրա

ինչպես նվեր

վայելչորեն սահեցնելով այն

ծափերի տակ

մինչդեռ նա՛ էր հերոսս առաջ

Կլեոպատրան

ոսկի սանդալներով հռոմեական

սև մազերը ճակատի վրա

կարծես

քանոնով կտրած

երազե՛լ եմ

չասեմ թե չեմ երազել

բազմել գահի վրա ոսկեերիզ

ու որ ինձ կրեն ուսի վրա

չորս ծպտված սիրեցյալներ

կիսաստծո պես

որ բախվեն հանուն ինձ

առավոտյան

բանակներ ու փղեր հազարավոր

ու քնեմ հաղթողի հետ ամեն գիշեր

բայց սա երեկ էր

իսկ այսօր

սա է - սառույցն այս

փայլուն ու հարթ

իմ ռազմի երազը ամենանոր

նոր արքան իմ

շախմատի արքան է

թող կռվեն այսուհետ միայն նրանք

փայտե թագերով իրենց ծիծաղելի

ու զոհվեն սոսկ փայտե՛ զինվորները

անարյուն թեքվելով կողքի վրա

Գազայում պայթեց ևս մեկ մարդ

իր հետ տանելով ուրիշ տասի

Հալեպը դեռ այրվում է կրակի մեջ

հրշեջը քաշում է զինվորի դին

միակ լավ լուրը Սոչին է

փախուստի վայրը վայելչության

ինձ վախեցնում է ամենից շատ

գեղեցկության դառնալը՝ անկարևոր

հ.գ. մարզիչը սուլում է

ու շարժվում են

երեք աստվածները

օլիմպիական

մեջտեղում նա է՝ հերոսն իմ նոր

կիսամերկ աղջիկն այն չմուշկավոր

bottom of page