top of page

Մեղավորը ես եմ ես

Երազս՝

մարտադաշտ ձմեռային

կրակոց

ու կարմրում է ձյունը

կոնկրետ մի տեղ

կամուֆլյաժ նույն դեմքն է

ժպիտը կես

կարծես լավ բան է հիշել զինվորը

մահից առաջ

սակայն մեղավորը ես եմ՝ ես

որ դու չկաս

միտքս արթնացավ ինձնից ուշ

ես պետք է թաքցնեի քեզ

կառնավալի փեշիս վրանի տակ

իսկ նրան

որ դռանը համբերատար հենված

սպասում էր

(այդպես էլ մնաց ինձ հանելուկ

ո՞ւր կորավ

քո մյուս գուլպան)

պիտի ասեի չքմեղ հեկեկոցով

թատերական

Համլե՞տը - օ՜ նա վաղուց

վաղո՜ւց չկա

մահդ՝ բամբասանք չափազանցված

չեմ սիրում գիտես անճաշակ բան

երազումս՝ օ՜ Համլետ

միշտ նույն մարդն է

ես պատռում եմ սև թուղթը

ամեն գիշեր

ու ցրում օդի մեջ

փաթիլների նման

պատշգամբից կախված

երկտակված՝ համարյա թե

սպասում եմ վերադարձիդ

չկա՛ս

չկա՛ս

մեկ օ՛ր էլ -

ու կդիպչեն մազերս

վարդի թփին

bottom of page