Եվ
ո՞վ է ասում
որ ստերիլ է
երազը
մարդու
ինձ
խենթացրել է
գետի այն ափից
երկինք բարձրացող
մի ճերմակամազ
եզակի երազ
որ կրկնվում է
քնած թե արթուն
ոնց
հետապնդող
միտքն է կրկնվում
խենթի ուղեղում
և
ո՞վ է ասում
որ անվնաս է
երազը մարդու
տեսաերիզն իմ
ախտահարել է
ձյունե գագաթով
երազի փոշին
որ
գովազդային
հոլովակի պես
(հինգ րոպեն մեկ)
ընդհատում է իմ
տեսողությունը`
քնած թե արթուն
ես… լաց չեմ լինում
պարզապես
մեկ-մեկ
մի բան է ծորում
աչքերիս խորքից
ու թարախոտված
բթամատի պես
բութ տրոփում են
ջերմող աչքերս
երազի պահին
և ո՞վ է ասում
որ
ստերիլ է
երազը մարդու
ինչո՞ւ եք
նայում
ինչ է
չե՞ք տեսել
եզակի երազ
ունեցող մի մարդ`
մեկական գագաթ
ամեն աչքի մեջ
լաց չեմ լինում ես
պարզապես
այսպես
կոպերս
մեկ-մեկ
սառում-կախվում են
ցուրտ գագաթներին
քսվելու պահին
հեռացե՛ք… ասի
ֆեսով թուրքի պես
ուզո՞ւմ եք տեսնել
ինչի է նման
եզակի երազ
ունեցող մարդը`
գետի այն ափից