top of page

Մանկությանս անկշիռ պատկերները

Մանկությանս անկշիռ

պատկերները

ինչպես փուչիկներ

գազով լցված -

գոմը մնացել է բաց - ա՛խ

կովերը թռչում են ազատ

ամպերի մեջ ...

սա երազս - իսկ օրը       

զինվորի պես

սողում է գողեգող ու

շարժվում առաջ

ոչ ոք չի խոսում սեղանի շուրջ

ի հիշատակ

կես կին

կես թռչուն տատիս

(սիրուն հարպիա  առասպելի)

որ կորցրել էր թևերն իր

կրակի մեջ - թուրքը

նախ ջարդել էր դրանք - ապա այրել

ու տվել քամուն միանգամից


հինգշաբթի - դատարկ է եկեղեցին

վերջապես մենակ ենք

ես ու Դու

հրեշտա՛կ

որ նայում ես

կես ժպիտ

ապահով բարձունքից

առաստաղի

գիտե՞ս  չհասցրեց Նատոն

դառնալ  կես թռչուն

                                կես տատ

ես նրան չեմ տեսել երբեք

կարմրամազ տատիս այդ

գեղեցկուհի

չեմ տեսել երազում մինչև իսկ

թեկուզ կես վայրկյան - հասկանո՞ւմ ես


ների՛ր ինձ

հրեշտակ եկեղեցու

քինոտ տոնի համար

դառնացածիս

դո՛ւ ինչ մեղավոր ես

որ չգիտես

թե ինչի է վերածվում

                               վերջիվերջո

աղիների  ձայնը ափսոսանքի

որ քեզ համար խորթ է

                               հիշողության

գռեհկանալը ցավից

                               տարեցտարի

մինչև իսկ այրված փետուրի հոտը-

երբ միտքդ ակամա փորում է

շատախոս ավազը անապատի

bottom of page