top of page

Հոգիս` դասական անտունի

Հոգիս՝ դասական անտունի

որ փնտրում է Աստծուն

ու չի գտնում

նայում եմ պատուհանից

հետո՝ անկողնուս տակ


ևս մի անպտուղ օր

այսօր էլ չերևաց Տերը


թույլ տվեք բարբաջել անմտորեն

աղերսել բաներ անկարելի

ինչ կա որ

կին չե՞մ ես - 

մարդ՝

միակը - ընդունակ բարբաջելու


Տե՛ր ներիր... եթե կրկնում եմ ինձ 

ե՞րբ է վերջանալու պատերազմը

հաջորդ մարգարեն ե՞րբ է գալու

որ մերժելու է մեռնել խաչի վրա

ե՞րբ ես շտկելու մեջքը մի նոր կապիկի

և վերջապես

իջեցնելու մարդուն կախաղանից

Գոյայի սրտաճմլիկ նկարի մեջ


Ժամանա՛կն է... իհարկե ժամանակն է

(և սա սոսկ իմ կարծիքը չէ) 

որ հավաքես հրեշտակներից նետերը

որ տվել ես մի օր անզգուշաբար

ետ վերցնես ռումբերը իշխաններից

որ ապահով դուրս գան հողի տակից

մեռյալ զինվորները բազմամիլիոն -

փոշի - թարթիչների վրա և կոշիկների

խումբ-խումբ գրկախառնված տուն գնան 

բա՜րձր աննպատակ ծիծաղելով 


բայց... մտածում եմ ինքս իմ մեջ.

Տերն իրեն շնորհեց կիրակին

Աբրահամը շաբաթը՝ հանգստյան օր

Մուհամմեդը՝ ուրբաթը ավելացրեց

հիմա սոսկ չորս օր է աշխատում Հայրը

ուրեմն չէր կարող լինել աշխարհը սրանից լավ


ինձ ի՞նչ է մնում անելու եթե ոչ 

ամուսնանալ նախագահի հետ վերջին

ու լուծել խնդիրները այս՝ Քո փոխարեն

հանց առաջին տիկին 

մի գիշերում 


բարբաջում եմ այսպես նախ

գրաբարով

ապա կրկնում նույնը արամեերեն

(գուցե չի հասկանում մտածում եմ

հայերեն - Նա) 


ահա կորած օղս Տե’ր- անկողնուս տակ

(կարծես դրա համար եմ աղոթել Քեզ այսքան երկար)

նետում եմ այն աղբարկղը ցուցադրաբար

իբր բարկացած եմ շատ Տիրոջ վրա

մինչդեռ մյուսը վաղո՜ւց եմ դեն նետել

կամ ասենք պահեի

դրանից փոխվելո՞ւ էր ինչ-որ մի բան


հանգերի հետևից չեմ ընկնելու

երբ շուրջս կոտորած է անտանելի

ու մի՛ ստիր

Դու լավ էլ լսում ես  

այլապես

ո՞ւմ համար է երգում սերովբեն

այդքան անուշ

իր սրտի լարերը բզկտելով     


մինչդեռ... եթե լինեի վստահ  

որ անում ես լավագույնը Քո - 

(փորձում ես բայց չի ստացվում) 

որ կաս... մտահոգ ես ... ու դեռ հույս կա

որ կապրի դեռ անտառը ինձնից հետո

որ չի բարակի օզոնի շերտը սրանից շատ


նստած յագուարս բաց կտուրով 

ու սուսերով պարը մինչև երկինք քոքած

ծովափնյա ճանապարհով ամենանեղ

մահն աչքս առած

կսուրայի ուղի՜ղ սիրածիս մոտ 

bottom of page