top of page

Ամեն անգամ

երբ հոգիս սահում է 

                 մարմնիցս դուրս

ես տեսնում եմ

                 դեռևս անմեղ անապատը

Վան քաղաքը - դարպասներից անդին

եկեղեցին

Փրկչի արծաթե մարմինը պատի վրա

և նայվածքը քահանա պապիս  

ուղիղ Քրիստոսի աչքերի մեջ

ինչպես չաշխատող ժամացույցի

տեսնում եմ ճիգը անկարելի  

որով նա փորձում էր ճշտել

այնուհանդերձ

ժամանակը

անշարժ  հավերժության -

ելնելով 

ճշգրիտ թեքությունից

կոպի վրա ընկած ճառագայթի   

որն այնտեղ էր եղել  

                 մինչև Աստված

հիմա - երբ իմն է

ընտրությունը

երբ Տերը ինձ հետ է

                 վերջապես

իսկ դու չկաս

հուշի’ր ինձ 

բարձրանա՞մ 

հենվելով  

վերամբարձ աղոթքի վրա քահանայի

(միամիտ... անփորձ ու այնքա՜ն ջահել)

թե՞ իջնեմ 

փորելով ինչպես որդը

շիրմաքարիդ տակով 

դեպի ներքև

 

ինձ ասա - իջի՛ր - աղաչում եմ

թույլ չտաս սխալվեմ երկրորդ անգամ

ու եկ քայքայվենք միասին 

վայրենի արևի տակ

                   Երևանի

bottom of page