top of page

ԼԻԲՐԵՏՈ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ Ես կմնամ այստեղ

ԵՍ ԿՄՆԱՄ ԱՅՍՏԵՂ

Ողջույն քույրեր իմ անապատի

անապատի հարսներ

                               բարեողջո՜ւյն

մի էգ պոետ շերեփով

                               խառնում է

Դեր Զորի հնոցը դժոխային

ու հառնում են լուսավոր

                               ձեր դեմքերը

անթափանց ծխի միջից

                               հաջորդաբար


օգնիր ինձ մուսա անապատի

առանց քեզ չեմ կարող հանգավորել

ոսկրերի

շխկշխկոցը

անհամաչափ

մինչև իսկ քամու սվսվոցը՝

ընդունակ երգանալու -

                               մեկ ուրիշ տեղ

լսի՛ր

կարևոր է պատմությունն իմ

թաղված լռության մեջ

Աստծուց էլ մեծ

այստեղ՝

ավազի մեջ վատնված

ինչպես արծվի սերմը - քարի վրա

սպասում է իր ծաղկունքի ժամին

սերմը ամենայն կատարյալի


կարո՞ղ ես լսել պատմությունն իմ  

դո՛ւ - անհոգ հենված սիրելիիդ

առանց հաշվելու հանգերը

կրկնվող տողերիս՝ հետ ու առաջ

քամին է ուսուցիչն իմ ու ցավը

երկուսն էլ հակված   կրկնվելու

լսի՛ր ... պարտավոր ես

քանզի

ես եմ Դեր Զորի վերջին հարսը

քողս՝

ավազե փոշեմրրիկ

վազում եմ

քաշելով  անապատը

հավելումի նման

                հարսնաշորիս


այդ ես եմ մազապուրծ փախչողը

կափափող ծնկներով

ավազներում

արնոտ հարսնաքողով ուրվականը

ձեր երազների մղձավանջում

 

թող ոչ մի կույս

չհարսնանա  ինձնից հետո


ես եմ Դեր Զորի վերջին հարսը

կույսը՝ ընդհատված յաթաղանով

շատախոս ծնոտներով

անասելի

ծնկներով խրվածը ավազի մեջ

բայց ես այդպիսին չէի միշտ.

ջրահարս էի ես առաջ

                               նախշուն պոչով

ծովից ծով ձգվող Հայաստանում

ընդհուպ մինչև լուսաբացը

չարաբաստիկ

երբ թափեցի թեփուկներս ու

                               հայտնվեցի

բոցակեզ դժոխքում անապատի

անթափանց գուլպաներով

գաղթականի


ես կույսն եմ ... հարճն եմ ու ծառան

կավատ անապատի՝

կնավաճառ

ուրվականը նրանց ու պոետը

ում մարմինը չլողաց ջրի վրա

չօծվեց արևով և կամ

ծաղկահոտ մյուռոնով առատորեն

հիրավի՛

երանի հարսներին

դեռատի աղջիկներին

ջրաշուշան

որ սինխրոն

ինչպես պարուհիներ

                ձեռք-ձեռքի ցատկեցին Եփրատի մեջ

խառնելով փեշերի ծաղիկները

փայլուն փրփուրին ծիծաղաշատ

նրանց – որ բնազդով օրորեցին

վարդոտ սրունքները արևի տակ

լցնելով ստինքները

առատորեն

կաթնագույն լույսով ցայգալույսի

նրանց որ ծփացին ալիքի հետ...

ու հետո՛ միայն անշարժացան

անթափանց աչքերով - ինչպես նկար-

լուծված գույներով ջրաներկի


օգնիր ինձ մուսա անապատի

ես ուզում եմ երգել նրանց համար

փշոտած վարսերով նրանց

ովքեր սողացի՛ն

մինչև մահը

արնած ծնկներով- արևի տակ

ու փոշոտ շուրթերով դեռ ըմպում են

դեղին խավարը ավազների


տարանինա

տարանինա

երանի Անուշին- վո՜ւշ վո՜ւշ

հարսանիքի համար առանց հարսի

երանի Գիքորին ջերմող   

տեսիլքի համար զառանցողի -

ցնորքներ չի բերում աչքերին

անտաղանդ արևը անապատի

սոսկ միրաժ

ալեկոծ կույսեր խելակորույս

                                               հերարձակ

վազող կույսերի խելակորույս

և ինչպես Քրիստոսի ձկները

անվերջ բազմապատկվող

                               յաթաղաններ

դեղին հայելու մեջ տափաստանի


փշերը հիշում են – հարցրու  

կարող են և հուշել եթե լսես

պարզապես դժվար է ուշք դնել

ականջով հենվելը նրանց վրա

դե ուրեմն ո՞վ պատմի

եթե  ոչ ես

ես՝ վերջին հույսը

վերջին վկան

վերջին պոետը անապատի

ես կույսն եմ .... հարճն եմ ու ծառան

կավատ անապատի- կնավաճառ

երանի նրանց ում ծնկները

չեն բացվել ահից յաթաղանի

ես եմ Դեր Զորի վերջին հարսը

միակ խմբավարը անդրաշխարհի

քամիները փչում են ու անվերջ

շրջում

ամեն ինչ

գլխի վրա

ե՛ս եմ գլխիվայր չափ տվողը

մեկուկես միլիոնին

անդրաշխարհում

ճերմակ ֆրակով ուրվականը

ձեր երազների մղձավանջում

փայտիկս շարժվում է ավազի տակ

Աստված նայում է ու չի տեսնում

(զառամյալ ծերը կատարակտով)

նա

ով խոսում է դժոխքից

կարող է հայհոյել նաև Աստծուն


լսե՛ք -

ես վերջին վկան եմ

վերջին հայացքը անապատի

ես տեսել եմ ծարավը ավազի

սուլթանի հևացող աչքերի մեջ

և տատասկը նրա երակների


ուշադիր լսեք ինձ- քանզի

ես էպոսի կույսն եմ

հավերժական

իմ անկումը անկումն է կնոջ գենի

արևելքի գենի

և

արևմուտքի

պարտությունն իմ - պարտությունն է

անմեղության

իմ վերջը վերջն է տիեզերքի

բոլո՛ր սկիզբների երկնքի տակ

ես ուրվականն եմ հավաքական

բոլոր կույսերի - ավազի տակ

ազդրերս փոշի են հավաքել

հարյուր տարի

սերմի փոխարեն սիրեցյալի

ես հարճն եմ անպտուղ անապատի

կոնքերիս մեջ տատասկ ու հող

փեշերս սոսկ փուշ են հավաքել

հարյուր տարի

երկու տեսակ փուշ կա անապատում

մեկը կծում է ոտքերդ

մյուսը՝ հիշողությունդ ու .... մնացածը

 

ես վերջին ժամապահն եմ

                                               անապատի

ժամանակն ավարտվում է

                                               կոպերիս տակ

ես ավազի ժամացույցն եմ

                                               բարակ մեջքով

ժամանակն ուրիշ է այստեղ

այն սորում է դեղին

                                               ինչպես ավազ

փայլեցրած ձագարներով կոկորդների

պահելով ոսկրե սլաքները

մահվան ժամի վրա – հավերժորեն


ես վերջին հարսն եմ Դեր Զորի

վերջին գիտակը անապատի

ի զորու գտնել փակ աչքերով

դժոխքի ճանապարհը՝

ավազներում

ուրեմն ուրիշ ո՞վ

եթե ոչ ես

կպատմեր պատմությունն այս

ավելի լավ

ու եթե քեզ չի հուզում

չքանալը

մեկուկես միլիոնի – ավազի տակ

ապա... դու ... դու ի՞նչ տեսակ մարդ ես

ի՞նչ տեսակ մարդ ես դու  

իրականում


դե լսի՛ր պատմությունս

հույսս դու ես

աշխարհը թմրած է - Աստված՝ ծեր

(նա ով խոսում է դժոխքից

կարող է հայհոյել նաև Աստծուն)

լսո՞ւմ ես ...

գալիս է ոռնալով

քամին վերադառնում է

հանցանքի վայր

խառնելու ողջը  կրկին անգամ

լսո՞ւմ եք - այդ ես եմ ճչացողը

փշոտ գանգուրներով

քեչակալած   

այդ ես եմ մազապուրծ փախչող կույսը

ձեր երազների մղձավանջում

 

լսի՛ր- լսո՞ւմ ես - ավարտում եմ

ամփոփում եմ դարը քառյակի մեջ

...երկու տեսակ քամի կա անապատում

մեկը փչում է հյուսիսից ու շարժում  

                                               ոսկրերը ավազի մեջ

մյուսը փչում է հարավից ու շարժում

                               ավազը – ոսկրերի մեջ....


հ.գ. օգնիր ինձ մուսա

                               չե՞ս տեսնում

երգեր չեն դառնում

փոշիներում

խեղդված ճիչերը

անվերջորեն

առասպել չի դառնում

անչափելի

ոսկրերի մեդուզան ավազի մեջ


bottom of page