top of page

Զինվորը անշարժ էր ու անշունչ

Զինվորը անշարժ էր ու անշունչ

երբ ներս մտավ բժիշկը

ոսկեծամ

հարության խոստում կար

աչքերի մեջ –

ռազմի աստվածուհու

հայացքի պես


կուզեի հայտնվել ես

հիմա հենց

միջնադարյան Վենետիկում

այն ժամանակ

երբ դիմակն ընդունված էր կրել

առանց առիթի - ցանկացած օր

քայլել Սուրբ Պետրոսի տաճարից

մինչև Սուրբ Մարկոսի հրապարակը

ոտաբոբիկ

ու

այրել խրտվիլակը

պատերազմի


(ես վաղո՜ւց եմ ճամփորդում հանց ծովահեն

մի աչքս կապած սև թաշկինակով

մեռյալների կես թիվը բավարար է

որ գժվեմ ես

սիրտս կպայթի կրկնակիից)


դեռ քանի՞սը պիտի պայթեն այս

փողոցում

Տե’ր

որ հռչակվի աշխարհի վերջը

պաշտոնապես

(այդ թիվը ինչո՞ւ չկա Սուրբ Գրքի մեջ)

փակում եմ աչքերս- այլապես

մի բան ցրիվ կգա գլխիս մեջ

իսկ եթե չսեղմեմ քունքերս երկու ափով

զգում եմ

կժայթքի ուղեղս շատրվանով

իզուր չէ

որ երազիս մեջ

փոքր սենյակում ետ ու առաջ

Կաֆկան տրտնջում է առաջվա պես

Բոդլերը բարկացած քաղհանում

չարի ծաղիկները հազարագույն

իսկ Չարենցը շրջված միզում է

դրախտի նախշազարդ դռան վրա


առավոտ… արթնանում եմ անկողնուս մեջ

կարճատև նոր պայթյուն մեծ էկրանին


սիրաբանո՞ւմ են

զինվորն ու բժիշկը

թե՞ մեռած ընկած են

իրար վրա

bottom of page