Հույները կառուցեցին միջնաբերդեր
Մովսեսը բարձրացավ լեռը Սինա
առաքյալները քարոզեցին
տառապեցին մարտիրոսները
Նարեկացին խոսեց Արարչի հետ
Բախը ընդարձակեց տիեզերքը
Կոմիտասը գութանը տարավ երկինք
որ քուն մտնի քաղցած մի նոր մանուկ նորից
որ բալենու այգին ռմբակոծվի նորից
ու առանց սեր պառկի կրկին... մի կին
բավարար չէ՛ր... պարզվում է այդ ամենը... Պաբլո
(շատ բան ունենք դեռ անելու թե ես թե դու)
սակայն դուրս եմ սահել ժամանակից վաղուց
խենթացել եմ
ուրվականի՛ն եմ պատասխանում միայն
ու անցյալից եկող նուրբ ձայներին
հիշո՞ւմ ես պատմությունն իմ
դրախտ-արձակուրդի մասին
ծովի վրա
որ Տիրամոր շորի գույնը ուներ
ամեն բան սո՛ւտ էր այնտեղ
Պաբլո՛
բացի հայհոյանքից նավապետի
կարո՞ղ ես...
ի՛նձ էլ սովորեցրու... աղաչում եմ
ինչպես ձգվել քեզ պես վայելչորեն
ինը կյանքի անսեր ժամանակի միջով
ու հորանջել
առանց ափսոսանքի
կարմրել է ամպը տարօրինակ
քեզ կանչում են... լսո՞ւմ ես
երկնքից
սիրե՞լ ես հարևանիդ քեզ պես
Պաբլո
դրե՞լ ես մյուս այտդ
ապտակի տակ
վերցրու ինձ՝ պահիր բերանիդ մեջ
ի՜նձ էլ բարձրացրու գաղտնի
հույսս դու ես
ինչ լա՜վ է քո լեզվի տակ
Պաբլո
հենց այստեղ էլ մնամ
երանի - ես