top of page

Երանի նրան… ով տեսնում ու չի հավատում

Եղծվել է սկիզբը`

բառը

խարդավանք է ամենուր

ու

զեխություն

թույնը կաթում է հոր ականջի մեջ

վերջին օրերն են ասես հին Հռոմի


ամեն բան

որ սիրում եմ`

մարդ

ծաղիկ

կենդանի

զույգ-զույգ գալիս մտնում են

կոպերիս տակ

ինչպես Տապանի մեջ Նոյյան


ու տանում եմ ես ողջը` ուրիշ մի տեղ


ամեն բան թվում է կրկնություն

կայսրություն… թույն… դավ


Կլավդիոսի պես

հանճարեղ ու մտահոգ

ես ձևանում եմ տհաս

կաղում եմ

ու

ցնցվում հիմարի պես

որ չսպանեն ինձ միայն թե

որ մնամ ողջ

ու

փրկեմ ամենն այս

կործանումից

bottom of page