top of page

Տարածդ քեզ լինի… Տեր

ծիծաղկոտ շեն տունս

բարձունքում

այգեպատ երկիրս

ոսկին


միայն անապա՛տս վերադարձրու


ուզում եմ ցանկապատել տափաստանը

քաղհանել փշերն ու

չոքեչոք

մարգեր գցել հավասար

(ինչպես տատիկս վերմակ կարող)

 

ու

վերջապես

լվանալ եմ ուզում

անապատը

ինչպես գերեզմանն ընտանեկան

առատ մաքուր ջրով և օճառով

ցեխերից հետո` անմիջապես


մի լռիր՝ երևում ես…

ուշ է

(կամուֆլյաժ դեղին թիկնոց

գլխիդ փշեր

մանր ոսկրեր խճճված մորուքիդ մեջ)


փորձիր գոնե հսկել շիրմաքարը

թրքախոս քամու մոռացումից

ու

ոսկի կդնեմ

պարբերաբար

թավշեպատ թասիդ մեջ

կիրակնօրյա

bottom of page