(օվկիանոսի հատակից ` ինչպես դրախտից)
Չգիտեմ
կհասնի՞ ձեզ ձայնս
սակայն կփորձեմ –
երեւի թե ճնշման հետեւանքով ջրի
գլխիս հենց կենտրոնի վրա
ես զգում եմ փառքը երանության
հանց դրախտում
ու ժպտում ձկներին անմտորեն
այստեղ է պահվում նաեւ իմիջիայլոց
ծիածանը
անձրեւների միջեւ երկու
թեպետ այն
ինչ ասում եմ ես
թվում է չափազանցված
կամ սուտ
ինչ է թե պոետ եմ
եղա՞վ
բայց հարցս բոլորովին այլ է
ինչպե՞ս ընդդիմանալ
ջրի արտամղիչ ուժին
չը-բարձրանալ
երբ ծոծրակիդ վրա
ճեղքվել է օվկիանոսը
ինչպես երախ
ու շունչը պահած սպասում է
մարմնիդ խցանի արտաքսվելուն
ընտրություն ունե՞ս` իհարկե ո՛չ
ու թեպետ չես տեսնում
առանց կոպի
մշտարթուն կաթնասունին
նավից էլ մեծ
կամ ծովային օձին
ամենախեղդ
բայց գիտե՛ս հո
որ կան
որ մոտ են
որ այստեղ մի տեղ են շրջակայքում
հ․գ. ես ձգվել եմ հոգնած` օվկիանոսի եզրին
ինչպես կոդավորված նախշ
որ բաժանում է այն ամենը ինչ ջրի մեջ է
այն ամենից ինչ ջրի մեջ չէ
ու մտածում եմ
հորս
երկրի ձգողական ուժի
Եվայի արտաքսվելու
ու բամբասանքի մասին`
Աստծո բարկության վերաբերյալ
ու անեծքի