top of page

(մտորումներ biopsy-ից առաջ mammogram- ի հանդերձարանի հայելու առաջ)


Սրանք իմ ստինքներն են

ծանոթացեք

երկվորյակ գնդակներն իմ – օ՛հ

նախկինում այնքան չարաճճի

հանուն արդարության պիտի ասեմ

որ սրանք ինձ փրկել են ավելի շատ

քան ցանկացած այլ սուրբ

երբեւէ

իմն են զվարճասեր գնդերը այս

որ քիչ անց ճզմվելու են մինչեւ վերջ

սառն ու անկարեկից ծանրության տակ

իսկ մինչ այդ

խուճապով նայում են

ամեն մեկը իրեն

պատի միեւնույն հայելու մեջ

պարզ է` տեղյակ են ամեն ինչից

սրանք իմ ստինքներն են – հիշեցնեմ ձեզ

վարժ` կարդալու հայացքը տղամարդու

հեռավոր անկյունից իսկ մեծ սենյակի

ու ցավը ինչումն է – գիտե՞ս

որ ես անկարող եմ օգնել նրանց

փոխարենը վերցնում ու հատ-հատ

տեղադրում եմ տնքացող զանգվածներն այդ

կրծկալիս թափանցիկ բաժակներում

որպես հյուսվածք A

եւ հյուսվածք B

ու նայում հայելու մեջ կրկին անգամ

օրը դեռ առջեւում է – իսկ բժիշկը

մոտենում ընդգծում է մատի ծայրով

մի անկանոն ստվեր ֆիլմի վրա

ինչպես ուրվականը մի էկզոտիկ թռչնի

որն էլ չկա

հ.գ. մինչ այդ – երազումս այդ նույն գիշեր

թափանցիկ նույն կրծկալս է

իսկ կրծքերը արդեն չկան

ես լցնում եմ բաժակները դատարկ

վարդի թերթիկներով հազարավոր

ու հագնում կրծկալս ցուցադրաբար

հագուստիս վրայից` հանց հոտավետ զարդ

ու ելնում փողոց


bottom of page