top of page

ՔՈ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ


Թմբուկի ձայն... կրակոց և ահա դին

մի կին լվանում էր իմ մեջ

մարմինդ արդեն

«մեռելները թող թաղեն մեռելներին»

հորդորեցիր նորից

բայց ես առաջվանը չեմ` Հայր

չդիմես ինձ` «զավակս» այսուհետ

ես անուն ունեմ կոնկրետ և Դու գիտես

տեսա՛… փակ աչքերով տեսա

դիակի վրա կռացած

սեւազգեստ պառավին թռչնակտուց

Քեզ նույնպես կտեսնեմ քիչ անց

(դրանում չկասկածես ոչ մի վայրկյան)

երբ աչքերս մի կերպ վարժվեն

հոգնած խավարին բլթբլթացող

պատրաստ դառնալու լույս ամեն վայրկյան

իսկ մինչ այդ

դժոխքից գողացած կրակն այս

ես կտանեմ մի տեղ ավելի ցուրտ

կրակը կրակ է այդպես չէ՞

ոմանք կփրկվեն հավանաբար

հ.գ. Դո՞ւ էիր լույս ու փայլ չսիրողը –

սո՜ւտ…

ես տեսա քո լցվելը օվկիանոս

միացած խայտացող ձկների հետ

փայլփլուն թեփուկներով՝ արևի տակ


bottom of page