top of page

Ես պահել եմ քաղաքս

իմ մեջ

ակամայից

ինչպես ջուրն է պահում

ճառագայթը

վերադարձնել կարո՞ղ եմ

չգիտեմ

ո՞նց

ջուրն ինչպե՞ս է արևին վերադարձնում

իր մեջ լուծված լույսը

առավոտյան

դա քաղաքի՛ս ճիգն է

ասել է թե

քաղաքի՛ս ձեռքբերումը

ոչ թե իմ

քաղաքի՛ս շնորհն է

լուծվելն իմ մեջ

ո՛չ իմ լկտի արյան – ամենեւին

ասֆալտից – երկինք

անմնացորդ

ես կերել եմ օդը

այս քաղաքի

հիվանդ անկշտությամբ

մինչև փսխեմ

ինչպես հարբեցողը անտուն

հա-վեր–ժո–րեն

անբաժան ենք այլևս

քաղաքս ու ես


bottom of page