(մահացած լինելդ բավական պատճառ չէ)
Ասենք երկնքում ես
հետո՞ ինչ
ես էլ այստեղ եմ` երկրի վրա
դրանից փոխվո՞ւմ է ինչ-որ բան
այս գիշեր որոշիր պահել քեզ
որպես սովորական մի տղամարդ
ու երազիր կնոջ մարմնի մասին
մի՛ փորձիր անընդհատ արդարանալ
բացատրել ինձ հոգու բնույթը
որպես աննյութեղեն
պնդել
որ դու չկաս՝ չի՛ք
ես դա համտեսում եմ ամեն գիշեր
շուրթերս սայթաքում են անվերջ
մթնանյութի վրա ննջարանիս
բայց դա ինձ կասեցնո՞ւմ է
իհարկե ոչ
ես լիզում եմ պատը անկողնուս մոտ
ու ներշնչում հոտը խոնավացած գաջի
ինչպես բույրը սիրած տղամարդու
փորձում եմ չէ՞
այս գիշեր ես քեզ կտրվեմ
որպես սիրող «լեզու» բացառապես
որ կորցրել է մարմինն իր պատերազմում
մի օձ սողում է դեպի ինձ
ես կծում եմ խնձորը երկրորդ անգամ
իսկ դու կարո՞ղ ես դրա դիմաց
մի տավիղ գողանալ հրեշտակներից
պոկել լարերը` այն վերածելով
պատուհանի դատարկ շրջանակի
որի միջից կարողանաս նայել ինձ
հանց սիրաքաղց տղա
հարեւան դեմ դիմաց պատուհանից
կարո՞ղ ես – ասա – փորձել
թեկուզ վռնդվելու գնով
քո այդ դրախտից աննյութեղեն
ասացիր այո՞
ա-լե-լու-յա
ընդունում եմ զոհողությունդ որդյակ իմ
ինչպես դաժան Աստված մի հերթական
առանց խղճի խայթի –
այլապես ի՞նչ կա որ
ապրիր այդտեղ
երկինքը վատ տեղ չէ
ու բացի այդ
ես միշտ եմ ցանկացել այնպիսի սեր
որ լրիվ դուրս լինի այս աշխարհից
հ.գ. արի... մինչեւ իսկ եթե
որոշել ես սուրբ մնալ հավերժորեն
ցանկացածս էրոտիկ բան չէ
ուզում եմ ուտել ես քո ափերից
ինչպես խնամված շնիկ
եւ օճառել մազերդ
ոտքերիս թաթերով ինչպես առաջ