– Զենք չունես չէ՞ վրադ
քիթս նկատելի կնճռոտելով
հարցրի ես
առանց համբուրելս ընդհատելու
սիրում եմ խոսել համբուրվելիս
ու բացի այդ
ես ատում եմ հոտը հրացանի
– արդեն չէ – ասաց նա
նույնպես համբույրը չընդատելով
նետելով հրացանը
բարձի վրա
պատասխան
որ ստիպեց ինձ
փոխարինել համբույրն այդ մեկ ուրիշով
որն սկսվում է
նախապես խորը ներշնչելով
անզեն կրքի հոտը
որպես աֆրոդիզիակ
որը տանում է ինձ
զուտ կանացի դրախտ
մաքուր
ճերմակ սավան
սիրելիի ուսեր
ու սեր
ու սեր
ցավով - բայց պիտի ասեմ
նա ետ չդարձավ պատերազմից
երեկ երազիս մեջ
խաղաղ
մաքուր երկինք
ու ձյուն
ու ձյուն
քամին անցքեր էր բացել
նրա այտուցված մաշկի վրա
որոնցով փաթիլները
անցնում էին ներս
հանց ժանյակի միջով
մի փոքր հապաղում
ու անհետանում
հ.գ. մեքենայիս մեջ
որպես օդափոխիչ բույր
ես կախել եմ թիթեռնիկը նրա պարանոցի