(զրույց հանճարի ուրվականի հետ)
Դու՞ ...
իսկապե՞ս
դո՞ւ
ե՞ս չեմ հերոսը իրականում
որ դիմացել եմ հեղմանը քո վայրենի
ու որսացել ճիգիս ճշգրիտ կորագծով
քո նախնական ձայնը քաոսի մեջ
հստակ ու անճաշակ
ինչպես ճիչը ծնող կնոջ
ինչպես գոռոց
ե՞ս չեմ հաղթահարել արդյոք
գոյությանդ աղմկալի տրոհումը բառի
հանգերիդ շքերթը ընկնավոր
աչքերիդ անշարժ հայելու մեջ
սանձելով հայտնություններդ հաջորդական
բառերիս միամիտ շխկշխկոցով
գնա՛ ու մի թող հասցեդ հավերժության
ես կվերադառնամ այնտեղ
ինչպես հանցագործը հանցանքի վայր
և կսրբեմ տիեզերքը ճոռոմ
փեշիս ծայրով
բոլոր հետքերից քո մեղքերի
ինչո՞ւ ես ցանկանում որ հիանամ
հանճարիդ անդուր հռհռոցով
մտքերիդ հսկա թռչունների
թևաբախման ռիթմով ահեղաշունչ
ասթմատիկ շնչառությամբ
քո մեջ ընդարձակվող տիեզերքի
երբ իմ ուզածը իրականում լռությունն է
ե՞ս չեմ ընդհատել ճիշտ վայրկյանին
մահացու հորդահոսը կասկածներիդ
մտքիս ծույլ եղեգով դիմադրել
իմաստությանդ գետին փրփրաբերան
եւ կամ անտրտունջ արձագանքել
Տիրոջ զառանցանքին` արյանդ մեջ
ինչպես նախնական ցավ
ունայնության դատարկ խոռոչի մեջ
ընդունենք մարգարե ես
ասենք` Հայրն է խոսում իրոք քո շուրթերով
կամ եկել ես ահա երկրորդ անգամ
ինձ այսուհետ ի՞նչն է զարմացնելու
ո՞ւմ եմ սպասելու ես... մտածե՞լ ես
հ.գ. վաղը համրաքայլ կոշիկներով բալետային
կատվի հիշողությամբ
նախքան ընթրիքդ Արարչի հետ
ես կդառնամ կրկին օվալ սեղանիդ մոտ
ինչպես հանցագործը հանցանքի վայր...
հանճարեղ ընկերոջս` Վահան Վարդանյանի հիշատակին