top of page

ՏԱՌԱՊԱՆՔԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ

Համբերի՛ր – ասում էիր հայր

այն ինչ չի սպանում

որպես օրենք

ի վերջո քեզ դարձնում է ավելի պինդ

հիմա

երբ հոգնել եմ վաղուց

կորստյան անպտուղ տառապանքից

որը ոչ սպանել է ինձ

ոչ էլ դարձրել է ավելի պինդ

թույլ տուր չհամաձայնել հա՛յր

օրենքը ես եմ իրականում

մահվան կաղ ճամփորդը մաշված սրտով

մինչդեռ քո ասածը այդ

բացառության մասին էր հավանաբար

ասում էիր պտույտ է կյանքը

այն` ինչ գնում է

գալիս է ետ

զարմանում եմ

արդյոք մեր զրույցը

նույն կյանքի մասի՞ն էր որ

միագիծ շարժվում է դեպի ոչինչ

միակ պտտվող բանը իմ իմացած

հիշողության անիվն է տառապանքի

լսում ե՞ս… չեմ կրկնի այլեւս

ընդունի՛ր

պարտավո՛ր ես հայր

ես հիմա ավելի մեծ եմ

քան դու

այն ժամանակ


bottom of page