Մի՛ տխրիր
աշխարհը շուռ չի եկել
աղբը դեռ օդում չէ
ոչ էլ ամպերը՝ աղբարկղի մեջ
ուրեմն դեռ հույս կա
հպվի՛ր ինձ աննպատակ
ինչպես կատուս
ու մլավիր ալելույա ականջիս տակ
դու ճիշտ ես – երևի ես կատու եմ
ծպտված կնոջ կաղապարում
ես նույնպես
կարող եմ գտնել փակ աչքերով
լույսի աննշան քառակուսին
այլապես խավար սենյակի մեջ
իսկ դու մի՛ փորձիր հասկանալ ինձ
գիշերը անվերջ չէ – անիմաստ է ամեն բան
վերջիվերջո
դու միայն սիրի՛ր ինձ և այն էլ
իմ ուզած ձևով ու ժամանակ
հավատա դեռ ոչ ոք չի մեկնել
առեղծվածը կատվի ու բանաստեղծի
ուրա՞խ ես – ինձ էլ վարակեցիր
քո այդ տխրությամբ անծայրածիր
ժամանակ դեռ կա – բայց երբ մեռնեմ
մոխիրս կտրորես հենց ա՛յս կետում
ուզում եմ դառնալ նախշի մասը
հենց ա՛յս գորգի վրա հյուրանոցի
հ.գ. սե՛ր
խոստացիր ինձնից հետո
կտրատել կրծկալներս երկու մասի
ու փոքրիկ գլխարկներ կարել
աղջիկների համար ապագայի