Ես տեսել եմ հստակ – Տեր
երեսը Քո
սեր անելուց հետո
անմիջապես
քրտնած պատի վրա
լոգարանի
ինչպես պատահական պատկեր
մարմարի մեջ
Մովսե՛սն իսկ քեզ չի տեսել
այդպես հստակ
նա եղե՛լ է պարզապես
նույն այն լեռան վրա
ինչ Դու
թեպետ այդքանն էլ քիչ չէ
եթե վերցնես
ինչպես անհուսորեն սիրահարված աղջնակ
այդ օրվանից
ես սիրում եմ ոչ թե սոսկ Քեզ
այլ ամեն ինչ
որին Դու առնչվել ես երբևէ –
երկինքը
Քո տրորած հողը երկրի վրա
գինին
բորոտին
դիվահարին
մսուրը
իշուկին
պոռնիկին նաև
և այն շուկան
որտեղ Դու
գինով մի տղեկի պես
շրջեցիր սեղանները բոլոր
այն ինչ ներքևում էր
դարձնելով վեր
և հակառակը –
ցուցադրաբար
ես միայն սիրո՛ւմ եմ Քեզ Հայր
(առանց երկյուղելու)
ոչ թե քանզի քաջ եմ
այլ համոզված
որ չես ցանկացել
երբեւէ
վախեցնել ինձ
այլապես Դու կգայիր
բաց ամպերի միջից դղրդոցով
ինչպես անգեղ հեծյալ չորսգլխանի
ոչ թե կծնվեիր որպես
անօգնական մանուկ ոսկեմազիկ
խղճուկ մսուրի մեջ գառների մոտ
ու կելնեիր լեռը
գլխիդ պսակ
հեծած իշուկին այն
երկար թարթիչներով անասելի
Հա՜յր – տեսել եմ ես
ասի
երեսը Քո
սառը երակներում մարմարիոնի
ու հանդգնել նայել աչքերիդ մեջ
Դու էլ ի՛մ աչքերին նայիր
երե՛ս տուր ինձ
խոստանում եմ չշփանալ երբեք
սիրիր ինձ ոչ թե նրա համար
որ սիրուն եմ
պոետ եմ
և
կամ հերոս
այլ հենց նրա համար
ու սոսկ նրա
որ կամավո՛ր եմ Քեզ հետ
մարտադաշտում
հ.գ. Բարձրյալ- ես եղել եմ
Քեզ հետ մենակ ու մերկ
չորսը չորսի վրա
շքեղ լոգարանում հյուրանոցի
աչքս աչքիդ մեջ
ու մնացել ողջ այնուհանդերձ
և եթե այսքանը դեռ բավարար չէ –
այլեւս ոչինչ չունեմ ես հավելելու