Պառկած
կարդում եմ Սուրբ գիրքը
ի սկզբանե բառն էր
որից հետո
շարունակ պատերազմ է
ու պատերազմ
հավերժական ճատրակ՝
զինվորները սպասում են
որ ընկնեն
կամ ընկած են
պատմությունը լռում է
ինչպես Աստված
ինչպես ժամանակը և ամեն ինչ
որ անտեղյակ է ինքն իրենից
տղաներ դո՛ւք եք երազիս մեջ
թափուր աթոռները
խորհրդավոր
ինչպես Վան Գոգի կտավներում
ժամանակը ձեր արյան գետն է
մշտանորոգ
չե՛ս մտնի նույն գետը երկրորդ անգամ
դո՛ւք եք ճանապարհը այսուհետ
սկիզբը և վերջը այս պատմության
լինի «սրբազան»
թե «վարդերի» – արյո՛ւն է
մետաղի նույն համն է քիմքիս վրա
նույնն է պատմությունը
խեղանդամ զինվորի՝ ամենուրեք
նույն ծալված թևքերն են բաճկոնի
իսկ թևերը պահված ձյուների տակ
ինչպես սերմ
ինչպես սերմնացու նոր պատերազմի
երկի՛ր թագավորդ մե՛րկ է
օրորոցի գող
արվամոլ
սեռաշփոթ
որ տենչում է մկան ու աղվամազ
ոչ ոք չի կարող ընկղմել
նրա փուչիկ մարմինը օդով լցված
ոչ ոք չի կարող փշրել
նրա սիրտը ինչպես երկանքի քար
ոչ մի մարդու որդի երկրի վրա
հ.գ. ես կարդում եմ Սուրբ գիրքը վերջից
սկիզբ
ջրհեղեղը կարող է քշել-տանել
բոլոր զենքերը
խեղկատակ իշխանների խաղատուփից
ժամանակը կապ չունի
ոչ էլ ձյունը –
իմ մեջ եղածն է մրսեցնում ինձ