top of page

ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԶԶՎԵԼԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

(Արցախյան քառօրյայի հիշողությամբ)


Դո՛ւ չես մեղավորը սեր իմ

տխրությանս պատճառը պատերազմն է

որ այրեց ջութակները բոլոր

հալեցրեց մեկ-մեկ կրակի մեջ

փողային գործիքները մոլորակի

սա պար չէ

մենք հիմա շարժվում ենք

մեր մրսող սրտերի հիշողությամբ

մրոտած մեր հիմար դեմքերը

քսմսելով միմյանց ուսերին

անջատի՛ր պատերազմը – ինչպես

խելագարի երաժշտություն

որի տակ չափահաս տղամարդիկ

շեշտակի բարձրացնում են անամոթ

կաշվեպատ ոտքերը միանգամից

կաբարեի կանանց չքմեղությամբ

աջ-ձախ

աջ-ձախ

աջ-ձախ

ինչ լավ է որ ես ծնվել եմ կին

(սա ինձ միշտ թվացել է ծիծաղելի

և ոչ ոք չէր կարող համոզել ինձ

ենթարկվել հրամանի հանց խեղկատակ

կամ սպանել անծանոթ ինչ-որ մեկին)

ամո՛թ է

անջատի՛ր պատերազմը

այդ անկիրթ ռիթմերը էժանագին

ու եկ պտտվենք առաջվա պես

սեփական սրտերի զարկերի տակ

Շտրաուս միացրու

կամ Բիզե

զզվում եմ՝

անջատի՛ր պատերազմը

հ.գ․ ատում եմ պատերազմը որ հորս`

մանկության հերոսին իմ

դարձնում է խաղալիքը մեկ ուրիշի


bottom of page