top of page

(Kaiser Union Strike-ի մեջ, աշխատանքային երկրորդ օրս ԱՄՆ-ում կամ իրական դեպք)


Աշունը թափթփված կին

տերեւներ հատակին ու ջրի վրա

(կկուն իր ձուն տանում է մեկ ուրիշ տեղ)

անարդար է չէ՞ – մտածում եմ

աստվածների մասին Օլիմպոսի

որ դուրս շպրտվեցին մեկ օրվա մեջ

հանց վարձը ուշացրած վարձակալներ

աշուն է… ես այստեղ եմ եկել բոլորի պես

փնտրելու ոսկի եւ ստրուկներ

բայց հայտնվել եմ ցույցի մեջ գործադուլի

ու վանկարկում եմ իմ վատ անգլերենով

մյուսների հետ հավասար պահանջելով

հա- վե - լա- վարձ

եւ

եր-կար ար-ձա-կուրդ վը- ճա-րո-վի

աշուն է… աղավնիները` ճերմակ թռուցիկներ

քամուց շարժվող

որոնց աղբարկղը պիտի լցնի ասես

ցույցից հետո

չքնաղ Աֆրոդիտեն

բրոնզե կրծքերով իր

մի փոքր բաց

այո՛ չեն համբարձվել երկինք

հին աստվածները վերոհիշյալ

այլ գաղթել են այստեղ

նրա՛նք էլ

թռչունների նման

ու չաստվածների

ես հանդիպում եմ նրանց սովորաբար

ցույցերի մեջ ընդդեմ պատերազմի

ընդդեմ մթնոլորտի տաքացումի

ու հանուն

ձեռքսեղմումների ավանդույթի

աստվածների միջեւ տարակարծիք

հ.գ. 1 ես հաճախ եմ հանդիպում նրանց

(հին աստվածներին վերոհիշյալ)

Գլենդելի McDonalds-ում Brand փողոցի

որտեղ նրանք միշտ պատվիրում են

միեւնույն Big Mag Combo-ն ամեն անգամ

առատ ketchup-ով ու հավելյալ

սոխի օղակներով պաքսիմատված

հ.գ. 2 աշուն է… գաղթել եմ այո՛ ես էլ

փնտրելու ոսկի եւ ստրուկներ

բայց ոսկորներ են միայն ոտքերիս տակ

մեռած մի թռչունի

որ այդպես էլ

չհասցրեց

վերադառնալ


bottom of page