top of page

ՉԼԻՆԻ` ՈՐՈՎՀԵՏԵՒ ՊԱՊՍ ԼԱՎՆ ԷՐ

Ճիշտ է – հղի էի

երբ այդ օրը

մեռած գտանք պապիս բազկաթոռի մեջ

բայց դա իմ կյանքի առաջին մահն էր

եւ առաջին կյանքն էր դա կոնքերիս մեջ

մարմինս դարձել էր ինձ անծանոթ

ու չգիտեի

ինչպես է գործում այն ընդհանրապես

գուցե սա էր պատճառը որ տրվեցի

անծանոթ մի սգվորի

հոգեհացից հետո` երեկոյան

նա ինձ չափչփում էր փոսի շուրջ

թաղման ողջ ընթացքում

հիացումով

դա չի արդարացնում ինձ

սակայն հիշենք

ես մաշկն էի միայն

իմ ներսը լցված էր մեկ ուրիշով

անփորձ էի գուցե չգիտեմ

կամ վիշտն էր դարձրել ինձ տարօրինակ

հիստերիկ

ընդունակ ամեն ինչի

հ.գ. կրոնը չի անդրադարձնում Աստծո դեմքը

հայրս ասում էր

հակառակը` այն շեղում է մեկ ուրիշ կողմ

հարմարեցնում իրեն

կամ

լավագույն դեպքում

բեկում է Այն

չգիտե՛մ ինչու հիշեցի սա


bottom of page