Ես նստած եմ կանաչ բազկաթոռին
դեմքով դեպի հարավ
ձեռքիս փետուր
մարդիկ ինձ նայում են ինչպես սարին
(նախապես քայլում են մի փոքր ետ)
աճպարարի նման
ով մեկ հնարքի է տիրապետում միայն
եւ սակայն` լավ
ես կախում եմ տողս
փայլուն ու պինդ
ինչպես մետաքսի թել
չգիտեմ
կհաջողվի՞ ինձ սանձել արդյոք
սաստկացող քամիները արեւելքից
Հռոմը մեկ օրում չի կառուցվել– բայց
Չինաստանը ժամ առ ժա՛մ է հզորանում
կռվե՞լ թե ընկերանալ – սա է մեծ հարցը
Թրամփի մանրիկ աչքերի մեջ
հանց իմաստուն Բուդդա մանկան դեմքով
ես սեղմում եմ close-up-ը եւ տեսնում
ակնհայտ անկումը իմ կայսրության
օդի մեջ պայթելը ինչպես փուչիկ
«ամերիկյան երազ»-իս պղպջակի
թուլամի՞տ է թագավորս
թե՞ իմաստուն
որ խաղում է խեղկատակ Կլավդիոսի պես
երկիրն իմ ջահել է ախ շատ
ընդունակ նայելու միայն առաջ
սիրում է խաղալ կռիվ-կռիվ
ինչպես ամեն տղա մանկահասակ
սիրում է փոքրիկ մատիկներով
սեղմել կոճակը պատերազմի
ահա
կանգնած է թագավորն իմ
շեղաչ իշխանների շրջանի մեջ
ասես պատրաստվում է ինչ-որ պարի
Արեւելքը սիրում է հաղթել
առանց զենքի ուժի ու ժպիտով
Բուդդան լավ գիտի` կրակը
կարող է այրել կամ ջերմացնել
քո մտքից է կախված այսինքն
տիեզերքի բախտը` ամեն դեպքում
close-up` թագավորս մե՞րկ է
մանո՞ւկ է
անմի՞տ է
թե՞ իմաստուն
բոլոր դեպքերում ինձ վախեցնում է
պատերազմի վահանակը` այդքան մոտիկ
ես ինքս ինձ ցրելու համար
փոխում եմ տեսարանը` սեղմելով
ապահով կոճակը sex-channel-ի
– fuck me… blow me… deeper… harder…
եւ այսպես շարունակ մոտ երկու ժամ
հ.գ. երբ երկու ձուկ կռվում են օվկիանոսում
հաղթողը ձկնորսն է
ամեն անգամ
կասեր ֆիզիկոս հայրս
չգիտես ինչու երկրորդ անգամ
իսկ մայրս կշոյեր ճակատս ու կհիշեցներ
վետերան քեռուս խոսքը` ոտքը կորցրած
- պատերազմները կդադարեն - հիշեք
երբ Չինաստանը մի օր դառնա
գերտերությունը մոլորակի