top of page

ՄՆԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

(միայն թե լռի այս ձայնը իմ մեջ)


Քո գնալուց հետո (իմ աչքի լույս)

ես շուն որդեգրեցի հաջորդ օրը

ու դուրս եկա փողոց

դու իմ ձեռնափայտն ես մթության մեջ

լալով

իմ կորած փուչիկն եմ փնտրում երկնքի մեջ

ու չեմ հիշում

ու՞մ եմ խնդրել ես

որ վերադարձնի մանկությունս

մտքիս լույսը իմ մեջ

հանգցնում է մեկը

ու հեռանում հորս ոտնաձայնով

չմոռանամ ասել – քո գնալուց հետո

մարմինս դարձել է սնամեջ

բամբասանքները

սխալ արձակված գնդակների պես

իմ միջով են անցնում

բայց չեն դիպչում ինձ

հիմա իմ թշնամին միայն

«մնացած ժամանակն» է

ու այս նոր ժամացույցը թափանցիկ

որի որովայնում մետաղական

տեսնում եմ սպառվելը իմ

վայրկյան առ վայրկյան

այդպես իմ ներսը օտարացավ ինձ

մի օր կայրեմ ինձ խառույկի վրա

ասորիների թագավորի պես

որի անունը պտտվում է իմ

մոռացումի մեջ

բայց չի բռնվում

քեզանից հետո

ես մենությունս երգ եմ դարձրել

ու ոչ թե սգում

այլ կատարո՛ւմ եմ

ինչպես վիրտուոզ

բայց ամեն դեպքում ես նախընտրում եմ

արթնությո՛ւնը իմ

(երազներս այնքան կեղտոտ են դարձել

որ ջրին անգամ կամաչեմ պատմել)

միայն թե լռի այս ձայնը իմ մեջ

կարո՞ղ ես ասել

ես կա՞մ թե՞ չկամ

յա՛խք – լռությունդ այնքան ռեալ է

որ ցանկանում եմ թքել ու գնալ

փոխարենը ես

կհորինեմ գիշեր ու կփորձեմ քնել

միայն թե լռի այս ձայնը մի պահ

– Հա՛յր

անջատիր ձայնն այս ուղեղիս մեջ

հ.գ. սա մահվա՞ն երգ է

թե՞ ծղրիդի


bottom of page