Համլետի մասին, ում զինվորագրեցին իր տնից` իմ ներկայությամբ)
Երազս՝ մարտադաշտ ձմեռային
կրակոց ու կարմրում է ձյունը
կոնկրետ մի տեղ
կամուֆլյաժ – նույն դեմքն է
ժպիտը կես
կարծես լավ բան է հիշել զինվորը
մահից առաջ
սակայն մեղավորը ես եմ՝ ես
որ դու չկաս
միտքս արթնացել էր այդ օրը
ինձնից ուշ
ես պետք է թաքցնեի քեզ
կառնավալի փեշիս վրանի տակ
իսկ նրան
որ դռանը համբերատար հենված
սպասում էր քեզ
պիտի ասեի հեկեկալով
– Համլե՞տը, օ~հ, նա մահացել է
վաղո~ւց չկա
(այդպես էլ հանելուկ մնաց
ի՞նչ եղավ օ՞դ ցնդեց
քո մյուս գուլպան
մահդ` բամբասանք չափազանցված
(չեմ սիրում գիտես անճաշակ բան)
երազումս Օ՜ Համլետ
միշտ նույն մարդն է
ես պատռում եմ սև թուղթը
ամեն գիշեր
ու ցրում օդի մեջ ձյունի նման
պատշգամբից կախված
երկտակված համարյա թե
սպասում եմ վերադարձիդ
չկա՛ս
չկա՛ս
մեկ օ՛ր էլ –
ու կդիպչեն մազերս
վարդի թփին
հ.գ. նույն գժուկն եմ հիմա էլ` վերմակի տակ
աչքերս կիսախուփ շնչում եմ ու ժպտում չքմեղորեն
թեպետ պարզ է
չի տեսնում ոչ մեկը ինձ
ավելին` հավատո՞ւմ ես որ
երգո՛ւմ եմ նաեւ ես քեզ համար
բաղաձայն
այն երգը
վերմակիս տակ
չէ՛... չէ՛... ասա հավատո՞ւմ ես