(կանայք` դուք գալու եք ինձ հետ)
Խնկարկվող ծխի մեջ ցանկահարույց
մերկ կինը
սեղմվում է ձողին
ու պտտվում
ասես փորձում է մտնել մետաղի մեջ
ինչպես էպոսի կին
մեծ Մհերի
ե՛ս ինչո՞ւ ապրեցի սեղմիրանով
մեխերը կողերիս մեջ
յուղի այրուքներով այդքան ցավոտ
նստեցի կամովին թաց մազերով
հեղձուցիչ տաք քամու տակ
դժոխային
ու անկողին մտա հոգնած
փշոտ գանգրիչներով
էլեկտրական
ինչո՞ւ
ինչո՞ւ եղա ես
այդքան բազում
այդքան տարաբնույթ
ամեն անգամ
զվարթության Բաստետը*
ձեռքիս ծնծղա
ցիցփոր հղի կույսը սրտխառնոցով
ծիծաղելի լաքաները դեմքիս վրա
ազատության աստվածը իմ քաղաքի
կատուն ոտքերիս տակ անհոգ փռված
Մոխրոտը
Մարոն
Դեզդեմոնան
(ես կին չեմ – կանայք եմ ես
ի՞նչ աստղ –
կկոչվեմ աստղաբույլ ես
եւ կամ ոչինչ)
աստվածուհի եղա հաջողության
նաեւ
կատվի մեծ գլխով – չմոռանամ
երբ մահանամ –
սափրեք ձեր հոնքերը
տղամարդիկ
ես փրկել եմ օձից
Մուհամեդին
մինչդեռ կարող էի չէ՞ ես էլ
պտտվել սոսկ
պաղատող շուրթերի շուրջ
պարբերաբար
մինչեւ վերջ ետ ճկվել
անսպասելի
ցնցելով սահուն ձողը
ազդրերիս մեջ
ու քարշ տալ մազերս խառնուցրիվ
սառը մարմարիոնով`
լույսերի տակ
ծովահենի նման – արդեն ուշ է –
ես շրջում եմ աշխարհը
մեկ աչքս փակ
թռցնելով ճանապարհին
ինչ պատահի
ամեն ափին թողած մի սեր
ծխամորճը սեղմած բռունցքիս մեջ
նայում եմ հորիզոնին ու մտածում
մեռնող արեգակի գիտակցությամբ
– ես չապրեցի այսքան դժվար
ու այսքան տաք
սոսկ մեկ թագի համար
կամ մեկ գահի - կանայք
դուք ինձ հետ գալու եք
մինչեւ Պառնաս
չփորձեք լքել ինձ ճանապարհին
*Հին եգիպտական դիցաբանության մեջ՝ խնդության ու զվարճանքի աստվածուհի, որ պատկերվել է կատվի կամ կատվագլուխ կնոջ տեսքով։