top of page

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

(գրկում եմ քաղաքս` խուզարկուի ճերմակ ձեռնոցներով)


Ո՞վ է սպանել քաղաքը իմ

այն իմն է եղել ի սկզբանե

ես տեսել եմ նրան

բազմիցս մերկ

լուսնի ցնցուղի տակ լողանալիս

քնել եմ նրա հետ

երկնքի տակ

իմ ու քո չի եղել մեր միջև

այնքան որ մտերիմ ենք

քաղաքն ու ես

ո՞վ է սպանել քաղաքս

հարցնում եմ

ես լսել եմ կրակոցը

երազիս մեջ

ու հայտնվել այստեղ անմիջապես

ինչպես մեռյալին սիրահարված

ջահել դետեկտիվ

կինոյի մեջ

ես գրկում եմ քաղաքս

ու հեկեկում

բառերս պարտվում են արցունքներիս

(ես կի՛ն եմ նախ եւ առաջ

հետո՛ պոետ)

ես այստեղ եմ եկել փրկչի նման

քայլելով արյան վրա հանց ջրերի

բարկացած շրջելով հատիկ-հատիկ

բոլոր սեղանները ճանապարհին

նայել եմ աչքերի մեջ անցորդների

անթափանց ակնոցներով խուզարկուի

փորձելով գուշակել հանցագործին

– ո՞վ է սպանել քաղաքս

մանկությունս վերածելով դեպքի վայրի

սա՛ է լինելու – ու միայն սա

իմ կյանքի հարցը այսուհետեւ

ու գրկում-համբուրում եմ երկար

վարդագույն կոպերը սիրեցյալիս

ես այստեղ եմ` թուլացի՜ր

ասելու պես

նրբորեն շոյելով մազերը

որ շարժվում են քամուց ինչպես առաջ

հ.գ. Տեր... փորձի՛ր... գիտեմ կարող ես Դու

կենդանացնել փողոցս հանց Ղազարոսին

ողբալացն այս կարո՛ղ ես փոխել

զվարթ ծղրտոցով՝

ժավելի սպի՜րտ

արթնացնելով մորս կրկին անգամ

եթե ոչ` ուրեմն Աստված չես դու

այլ թաքնված տեսախցիկ սովորական

որ ֆիքսում է միայն եղածը ուրիշ ոչինչ

այս գիշեր կգրես ուրեմն օրագրիդ մեջ –

տեսա՛

կարո՛ղ էի

ու

չարեցի...


bottom of page