Ծուղրուղո~ւ – սկզբում ձայնն է
արթնացի՛ր քնից մոռացումի
տես ո՞վ է թառել ամենից
բարձր կտուրին մոլորակի
վերեւում երկինքն է ծալ-ծալ
ներքեւում անապատն անծայրածիր
ուղտերը քայլում են ապա ծնկում
(աղոթո՞ւմ են ինչ է – պարբերաբար)
ծերունին հորանջում է վերջին անգամ
– կհասնեմ՝ երբ կհասնեմ
կամ` չեմ հասնի
(այսպիսին է բնույթը անապատի)
յաթաղանը հշշում է փշերի մեջ
խառնելով արյունը ավազի հետ
դեղինը կլանում է ամեն գույն
բոլոր հույզերը դարձնում փոշի
աշխարհը վերջանում է այստեղ
ձիերը կտրուկ շրջվում են ետ
մեկ
երկու
երեք
չորս
դոփելն է որ ձիուն դարձնում է ձի
ծուղրուղո~ւ – առաջինը ձայնն էր
իսկ բառը հայտնվեց որպես ստվեր
նորածինը ճչում է խլացնելով
մեռած լեզուները աստվածների
ալիքները բարձրանում են ու կոտրվում
կապույտի շրխկոցն է հարատեւ սոսկ
կայսրությունները բարձրանում են ու փլվում
դղրդոցն է միայն հավերժական
մնացած ամեն բան ընդհատվում է
(այսպիսին է բնույթը ժամանակի)
թագավորը մեզ հետ չէ այլեւս
ասում են ծնծղաները մահվան ծեսի
աշխարհը վերջանում է այստեղ
ձիերը կտրուկ շրջվում են ետ
մեկ
երկուս
երեք
չորս
դոփելն է որ ձիուն դարձնում է ձի
հ.գ. ծուղրուղո~ւ – կրկնում եմ այս անգամ
ծանրացած ականջների համար միայն
վե՛ր նայիր մի տես թե ո՞վ է
թառել կամարին ծիածանի
մոտեցիր ու անհավատ կույրի պես
շոշափիր մարմինս որ օդ է
որ գույն է
ու ձայն
անիմաստ տիեզերքում բոլորովին
հ.գ. հայրս ասում էր
աղջիկս
աշխարհը ճանաչիր լսողությամբ
իմացի՛ր
միայն ականջն է
որ չունի մեխանիզմ ինքնազսպման
ֆիզիկոս հայրս սիրում էր
տեղի-անտեղի գործածել
«մեխանիզմ» բառը
սովորաբար