(ինչ լավ է, որ հարստությունը չի բացառում Մուսան)
Խոհանոցս արարչի աշխատանոց
ամեն ինչ կա այստեղ
որպեսզի
ոչնչից ստանամ ինչ ցանկանամ
պաշտում եմ այս հաբը ես
որ հայացքս վեց ժամով փրկում է
սեւ քառակուսուց ունայնության
ինչպես նաեւ աշնան դեղին աստծուն
որ չի բացառում երբեք ոչինչ
– տե՛ս դրսում թե սեր կա եւ թե ոսկի
ճչում եմ իմ բաց պատուհանից
ու դուրս կախվում կիսով չափ
ցուցադրաբար
հիրավի ես կարիք չունեմ
թաքցնելու ոչինչ այս քաղաքում
որտեղ ընդունված է ու մոդայիկ նույնիսկ
համարվելը «հիստերիկ հարուստի կին»
ուստի ցերեկները ես հայհոյելով
բարձերս եմ շպրտում պատից-պատ
գիշերները արտասվում դրանց վրա
իրոք կատաղում եմ շան պես
սիրո վերջի մասին մտածելիս
(խոսքս այն սիրո մասին չէ
որ օդի մեջ է կամ իբր
անկապ թեւածում է գլխիդ վրա)
– ամեն ինչ վերջանում է տե՛ս
չեմ կարող հանգիստ խոսել պիտի ճչամ
նախքան փակելը պատուհանս
Աստված ամենուր է ու դա վատ է
ասել է թե
Նա թե ներսում է
եւ թե դրսում
կաֆկայական ծուղակ
որ բացառում է
ցանկացած փախուստ երբեւիցե
հարուստի Մուսա կեցցե՛ս
տողերդ սարդոստայն ոսկե
որ մարդուն մարդ են պահում
իսկ ճանճին ճանճ
ու եթե խանգարի քեզ
«ճշմարտությունը» այսպես կոչված
ապա
ես՝ դրա հայրիկը
ուրիշ ոչինչ