(կար-չկար մի զինվոր կար)
Երբ լռի քաղաքն այս վերջապես
և կամ ինձ հաջողվի քնել
ձայների մեջ պայթող ականների
ես կշրջեմ դրախտները բոլոր
երազիս մեջ
համբուրելով աղե շրթունքները
ետ նայելիս մեռած տղաների
իսկ դու մայր
շարունակիր խնամքով հարմարեցնել
մաշված պտուկը քո բերանիս մեջ
ես քո՛ մանուկն եմ վերջիվերջո
դիր ինձ սայլակի մեջ ու քշիր
դեպի հետմահու քաղաքը
աղե արձան դարձած տղաների
կար-չկար մի զինվոր կար
նա անշարժ ընկած էր վերջին անգամ
բաց աչքերը լցված լուսնալույսով
ինչպես երկու ջրհոր գիշերվա մեջ
չգիտեմ ինչպես բացատրել – մա՛յր
այն` ինչ սիրել եմ – հիմա չկա
ձեռքերս ցանցկեն են կարծես
ամեն ինչ թափվում է անցքերից ցած
ոչինչ չի ստացվում ինձ մոտ արդեն
ամեն բան ավերում է ներսս մի քիչ.
լացը կողերս է ցավեցնում
ծիծաղը շեղաչ է դարձնում ինձ
ես ուզում եմ մնալ օրորոցում
ափերս պինդ փակած ինչպես խեցի
ասացի` մաղեր են ձեռքերս ասես
ամեն ինչ սահում է անցքերից ցած...