top of page

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ՝ ԳԱՌՆՈՒԿ

(օձը ձեռքեր չունի` բռնվեցի՞ր)

Ինձ շփոթել համարյա անհնար է

այդ ես եմ սոսկ – կաթով լի

մտածող եղեգնը հայր Պասկալի

ընդունակ ճկվելու հողմերի տակ

Եվան ինձ չի ժառանգել ոչինչ

(ի՞նչ մեղք – նա ոչինչ չի վերցրել օձի ձեռքից)

բացի իր մենության վախից –

մահից էլ մեծ

(մեղքը հետեւանքն էր – պարզվեց

այդ պատմության մեջ)

չես շփոթի նաեւ մաշկն իմ

մեկ այլ ծածկույթի հետ – բացի խոտից

որ սփռվում է անխտրական

մարմնիս բլուրների վրա` փոքրիկ ու մեծ

պահանջելով – որ մի առողջ լեզու

քսանչորս ժամ

արածի իր վրա անխոնջ

ինչպես հավերժական գառնուկ

ու սա ոչ թե էրոտիկ քմայք է

այլ ցողունին տրված միակ ձեւը`

իր ողջ լինելը փորձարկելու

լեզուն շարժվում է իմ վրա` ուրեմն կամ

հ.գ. ասացի խոտ ու միանգամից

հիշեցի մեր գյուղը ու պապիս

(մինչեւ ծնկները միշտ խրված սեւահողում)

որ տուն էր գալիս սովորաբար

նախիրից մի փոքր շուտ

այդ օրը ուշանում էր` չկար

ես նայում եմ կովի անսահման աչքերի մեջ

ու հարցնում – պապն ո՞ւր է… ինչո՞ւ չկա…


bottom of page