…Այսպիսով
տարիներ շարունակ
ձեռքերս վեր
ես տրվեցի
սիրո ավերիչ ընթացքին
ինչպես տարերքին անհսկելի
առանց հաշվարկելու ոչինչ
ու հիմա` երբ
շատերի կարծիքով ուշ է
ինչպես Ատալանտան Հին Հռոմում
որոշել եմ ես էլ ամբողջովին
նվիրվել սիրո գիտությանը
հաշվարկելով մանրամասն այնպես
որ առաջին գիշերիս մեջ
վերջին ամուսնության
դուրս ժայթքի սերմը
հա-մա-նը-վագ
բոլոր տղամարդկանց իմ քաղաքի
եւ ինչպես ցանկացած ծրագրած բան
առավել եւս դավադրություն
իրագործման համար պետք է ծպտվեմ
մորուք եմ դնում հետեւաբար
հագնում փարաջա կրոնավորի
ու խաչ կախում վզիցս հսկայական
հիմա տես` զննում եմ վերջնական
փորձնական խաչակնքում ինքզինքս
պատի հայելու մեջ
ակամա հիշելով խեղճ Տիբերիուսին
որ ստիպված էր ամուսնանալ
իր զոքանչի հետ
հանուն կայսության բարօրության
սա – վաղը
իսկ այսօր երազիս մեջ
որպես պարտված մի գլադիատոր
ես սպասում եմ վճռին սենատորի
որ կանգնած է ահա աջ բութը վար)
ես իջնում եմ ծնկի
ու
մունջ գրկում ազդրը ինձ հաղթողի
գլուխս թեքելով այնպիսի անկյան տակ
որ մնալով դաշույնին ուղղահայաց
փայլատակի վիզս – տեսանելի
արնաքաղց ամբոխին ոգեւորված
արեւի երկու մատը աչքիս մեջ
արթնանում եմ մենակ
ավելի շուտ
մեկն անմեղ քնած է կրծքիս վրա
հսկայական մանկան շնչառությամբ
երանի ապրեի – մտածում եմ
Հռոմում` երազիս ժամանակի
որպես կինը հարուստ սենատորի
ծնեի կիսաստվածներ
իսկ ընթացքում
կուրծքս բաց հագուստով
միուսանի
թեթեւակի կախված պատշգամբից
դիտեի կռիվները ստրուկների
մերկանդամ փայլուն հետույքներով
ու քնեի հաղթողի հետ
ամեն գիշեր
հ.գ. շը՜շշ… եթե մի փոքր էլ քնի նա
կհասցնեմ հաշվարկով ետ գնալ
կայսրության ճանապարհով անհիշելի