top of page

ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՍՏՎԱԾ

Հայր մեր որ համր ես

եւ հետեւաբար ավելի սո՛ւր է հոտառությունդ

ո՞նց ես դիմանում այս գարշահոտին արյան

որ հավաքվել է այսքա~ն հազար տարի

երանի ես ապրեի հին Հունաստանում

Զեւսի հարեմում աստվածների

ու խաղայի ե՛ս էլ խաղերը այն

որ կին աստվածներին էր ներվում միայն

ինձ գոնե կարապ դարձրու Տե՛ր

երկարավիզ

որ նոր իշխաններին գայթակղեմ ես

կամ փոխի՛ր պատվիրանդ անձնասպանի

ու թող նետեն ծովն ինձ Հովնանի պես

Աստված հաշմանդամի որ երկնում ես

կրծքավանդակ առանց ոտքի… կավոտ ձեռքեր

Դու մի՞շտ ես լռակյաց եղել այսքան

թե՞ հենց վերջերս ես համրացել

ԾՈՎԱՓՆՅԱ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ՝ ԲԱՐԿԱՑԱԾ

Չեմ սիրում ծովը աշնան վերջին

սրթսրթացնող սավանը

օսլայած

սարթ

անկողինս քաշում է ինձ իր մեջ

անկիրք` ինչպես սեւ խոռոչը տիեզերքի

չեմ սիրում եւ սիրախա՛ղը ծովի ափին

ավազի շուշաթուղթը աշնանային

մաշված ու ձանձրացած կոնքերիս տակ

հեղձուկի ձայնը ալիքների

տատիկիս խռմփոցի պես

որ ուռչում էր երկար մի այտի տակ

ապա ընդհատվում արագ

կարճատեւ փնչոցով անսպասելի

Օ՜ ծով դո՛ւ էլ կին ես երեւի թե

ընդերքդ՝ հոգնած ընդերքիս պես

լցված սերմերով

բարկությամբ

ու խորտակված նավերով

ջարդուփշուր

հ.գ. սիրում եմ մերկապարը աշնան ծառի

վերջին հանդերձը դեռ ձեռքի մեջ

ոսկի ու ժանյակ ամբողջովին


bottom of page