top of page

ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ` ԻՆՉՊԵՍ ԴՐԱԽՏՈՒՄ

Ծովափնյա պատուհանից դուրս

փրփրած հառաչում է ծովը

ինչպես կիսատ թողնված մի կին

անկողնու մեջ

ամեն ալիք

իր պատմությունն է փորձում տեղավորել

ականջիս մեջ

մեկը մյուսից առավել հանճարեղ

ու ավելի թաց

ա՛խ

ոնց կգրվեր

կյանքիս գլուխգործոցը

ամենամեծ

եթե ձեռքերս չլինեին այսքան հոգնած

հանդիպակաց հայելու շախմատի մեջ

սեւ ու սպիտակ

ապրում է մարմինը իմ – տես

փոթորիկն այստեղ էր նախ

սավանի տակ այս

ծովը սոսկ կապկում է այն

ծիծաղախինդ

մինչդեռ այնտեղ

ճեղքի մեջ վարագույրիս

տիրական Ծիրկաթինն է –

գո՛ղ

սկիզբը նախ ի՛մ մեջ էր

մեծ պայթյունը

տիեզերքը`

պլագիատ անծայրածիր

իսկ գիշերը անիմաստ խստանում է

սեւ խոռոչը դարձնելով ավելի սեւ

դանդաղ արտաքսելով մարմինս

հայելու դրախտից

ուրիշ մի տեղ

փակում եմ պատուհանը

չըխկ

ուզում եմ մենակ մնալ –

Աստված

գնա՛

(չեմ ուզում մտածել վերջի մասին)

ծա՛փ

վառվի՛ր լուսամփոփ իմ

կամ եղիցի լույս

մահն այն է

երբ չեմ տեսնում դեմքս

հայելու մեջ

հ.գ. ...ու եղեւ լույս ու տեսա ես կրկին հայելու մեջ

(կյանք լինո՞ւմ է տեսնես հայելուց հետո կամ դուրս)

իմ մասնատված մարմինը շախմատաձեւ

ամաչելու չափ փնթի ու բաց

Սո՛ն վերջ

ինչպես մեկ անգամ արդեն

մեջտեղից պատռված հավ

դու չես ամբողջանա այլեւս

երբեք

երբեք


bottom of page