Խնամել եմ ես հայր
պարտեզը իմ
քաղհանել եմ ես այն
ամբողջովին
թողնելով միայն ծաղիկները
անցկացրել եմ մաղով հայր
հիշողությունս ողջ
ջոկել-նետել եմ ավելորդը
աղբարկղի մեջ
տես զնգացնում է վարորդը
աղբատարի զանգը վերջին անգամ
ու քայլում է աղջիկդ
թիկնեթեկին
կրկին օրորելով ետ ու առաջ
աղբը` բաղկացած ամբողջովին
երգերից
վարդերից
ու նամակներից
բոլորն էլ արհեստական
մեռած
կամ սուտ
հիմա ես հիշում եմ միայն նրա՛նց
ովքեր հայտնվում են կոպերիս տակ
լույսը հանգցնելուց հետո անմիջապես
ինչպես կրկեսի փեսացուներ
սև ֆրակներով լավ արդուկված
ճիշտ այն վայրկյանին ներկայացման
երբ քողս ետ տալով նստում
անամոթ ուղղվում եմ աթոռիս մեջ
սպասելով
որ մեկը նրանցից
մոտենա ծնկի գա իմ առաջ
բարձրացնի փեշս ու հետ նետի
ժանյակե լաստիկս – ծիծաղելով
ես ինչպե՞ս չասեմ bravo նրանց
մեկանիվ հեծանիվի վրա –
սեթևեթ հրեշտակներին այն չորս
ովքեր հայտնվում են ավելի ուշ
միևնույն երազիս մեջ՝ հաջորդաբար
ու հարսնաքողը գլխիս
մերկ մարմինս
պտտեցնում – մեջքին առած
աթոռիս հետ
առավոտին շատ մոտ վտանգավոր
նախքան վերջին զանգը աղբատարի
հա՛յր – ես խնամել եմ պարտեզը իմ
քաղհանել-նետել եմ ամեն ինչ
թողնելով միայն տղաներին
հ.գ. տղանե՛ր – մինչ օրս ես արթնանում եմ
ձեր ուրախ քրքիջից սրահի մեջ
զարմացած
որ ինչ-որ աստղային գիտակցությամբ
դուք չեք բախվում միմյանց
երազիս մեջ
մի բան
որ չէր ստացվում հաճախ
ձեզ մոտ` կյանքում