top of page

ԿԱՐՄԻՐ ԱՄՊԵՐԻ ՍԵԶՈՆԸ

Տաք ու չոր օրերի ժամանակն է

առջեւում` հանդիպում թշնամու հետ

պուրակի ծառերը այնքան խի~տ

(տնաշենը խրամատ է ասես

բետոնե պատ)

ոչինչ չեմ տեսնում – հուսանք

որ սաղարթի մյուս կողմից եւս

մեկ ուրիշն էլ չի տեսնում ինձ

այսպիսի վտանգի մեջ իսկ

խոսքս ինչ է

չեմ սիրում կառչել ես Արարչից

նախընտրում եմ լինել սոսկ հասանելի

հավատարիմ

բայց զերծ

Փրկչին հանդիպելու ցանկությունից

հա՛ էստեղ եմ – ի՞նչ կա

ասելու պես

հանդիպեմ որ ի՞նչ – հարցնի մեկը

իմ գիրը Արարչի գովերգը չէ

(թեկուզ եւ չեմ կարծում թե

Բարձրյալը նստում կարդում է ինձ)

կորած բանը միեւնույն դարակի մեջ

նորից ու նորից փնտրելու պես

հիստերիկ արարք է խորքի մեջ

գրելը իմ

նման սգվոր մոր վերջին ճիգին`

Տիրոջը վերստին հավատալու

ի դեպ հարցը

դժոխքը կամ դրախտը չէ

այլ գոյության առեղծվածը հենց

այլապես թքած թե ով է

այն դարձնում բոցաշատ

կամ երանավետ

հ.գ․ տաք ու չոր օրերի ժամանակն է

համառոտ հանդիպում թշնամու հետ

(պարզվում է լավ էլ կարդում է ինձ)

կարմրում է ամպը հետզհետե

ցրտեց չէ՞

քիչ մնաց սեզոնին անձրեւների

աչքովդ չի՞ ընկել սեւ զոնտս մեծ


bottom of page